կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 18:14
Քաղաքական

Գավառական ընչաքաղցություն և էգոիզմ․ վտանգավոր կարգախոսներ՝ ՀՀ-ն ղեկավարող ամուսինների կողմից․ Վահե Սարգսյան

Գավառական ընչաքաղցություն և էգոիզմ․ վտանգավոր կարգախոսներ՝ ՀՀ-ն ղեկավարող ամուսինների կողմից․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․

«Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև ընթացքի համար ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ։

Մինչ այդ՝ տամ մի վառ համեմատություն․ Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆին դը Բոհարնեի սիրո պատմությունն ու ամուսնալուծությունը համաշխարհային պատմության ամենադրամատիկ իրադարձություններից է։ Չնայած անսահման սիրուն, համատեղ կյանքում զավակ չունենալը վտանգում էր նորաստեղծ կայսրության ապագան, և պետական շահը վեր դասվեց անձնականից։ 1809 թվականի նոյեմբերի 30-ին՝ բաժանման մասին որոշումը հայտնելիս, Նապոլեոնը սեղմել է կնոջ ձեռքն ու ասել. «Ժոզեֆի՛ն, իմ թանկագի՛ն բարեկամ, դու գիտես, թե որքան եմ քեզ սիրել։ Բայց ճակատագիրն ավելի զորեղ է, քան իմ կամքը։ Իմ ամենանվիրական զգացմունքները պետք է տեղի տան ՀԱՆՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՇԱՀԵՐԻ», ինչից հետո Ժոզեֆինան նյարդային նոպա է ունեցել ու ուշագնաց եղել։

Երկու շաբաթ անց, ամուսնալուծության ակտի ստորագրման ժամանակ, Նապոլեոնն իր ելույթում հայտարարել է, որ հանուն Ֆրանսիայի ստիպված է բաժանվել իր սիրելի կնոջից։ Հուզմունքից խեղդվող Ժոզեֆինան, մասնավորապես, արտասանել է. «Կայսրը միշտ կունենա իմ մեջ իր լավագույն ընկերոջը։ Ես գիտեմ, թե որքան է այս քայլը, որը պահանջում է քաղաքականությունը, վիրավորում նրա սիրտը, բայց մենք երկուսս էլ հպարտ ենք այն զոհաբերությամբ, որն անում ենք ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ»։

Այս զոհաբերության անկեղծությունն ապացուցվեց հետագա տարիներին. 1814 թվականին աքսորում գտնվող Նապոլեոնը, լսելով Ժոզեֆինայի մահվան լուրը, օրեր շարունակ փակվել է իր սենյակում և սգացել։ Իսկ արդեն 1821 թվականին Սուրբ Հեղինե կղզում մահանալիս կայսեր վերջին արտասանած բառերն են եղել՝ «ՖՐԱՆՍԻԱ, ԲԱՆԱԿ, ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ, ԺՈԶԵՖԻՆԱ․․․»։

Վերադառնալով մեզ և մեր օրեր․ ՀՀ-ն ղեկավարող զույգի, տիկնոջ կողմից տարածվող պաստառների վրա ամենուր քարոզվող կարգախոսների մեջ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ, փոխարենը քարոզվում է էգոիզմ («Կրթվենք և երջանկանանք»), գավառական ընչաքաղցություն («Կրթվենք և հարստանանք»), հայրենիք չճանաչող աշխարհաքաղաքացիություն («Լա՛վ սովորիր, որ լա՛վ ապրես»)․․․․ ևն։

Ես չգիտեմ, թե այս ամենը հայ ազգի գիտակցության մեջ սրբազան հայրենիքը զուտ աշխարհագրական տարածքի վերածելու, քաղաքակրթաստեղծ ազգին գավառական չարչու վերածելու, հայրենիք չճանաչող, «որտեղ հաց, այնտեղ կաց»-ի գիտակցությամբ առաջնորդվող մի զանգվածի վերածելու, ի վերջո՝ թյուրքական ստրկության տանելու բացահայտ ծրագի՞ր է, թե՞ զուտ մի զույգի պատկերացրած արժեքների քարոզ։

Հ․գ․ Հիշենք և հիշեցնենք՝ լեգենդարներ Լեոնիդ Ազգալդյանը, Թաթուլ Կրպեյանը, Դուշմանն ու Վահագն Թումասյանը կրթվել, իրենց անձնական երջանկությունից զրկել ու ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերել են ՀԱՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ՉՍՏՐԿԱՆԱԼՈՒ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, այլ ոչ հանուն նրա, որ միայն իրենք հարստանան, երջանիկ ու կուշտ ապրեն»։