|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով, այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։
«Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Ստեփանավան համայնքում։ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին փոփոխություններով Ստեփանավան խոշորացված համայնքը միավորվում է Լոռի Բերդ խոշորացված համայնքին։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լոռի բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը, իսկ Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։
Անկախ դիտորդը նախընտրական քարոզչության մշտադիտարկման շրջանակում արձանագրել է, որ 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։
Միաժամանակ, սակավաթիվ են այլ համայնքների մասին հրապարակումները, և ի սպառ բացակայում են հրապարակումներ ներկայիս Ստեփանավան համայնքի բնակավայրերի վերաբերյալ, թեև նույն տրամաբանությամբ այդ բնակավայրերում ևս իրականացվել են աշխատանքներ։
Այս տարբերակված մոտեցումը նկատելի էր նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ սեպտեմբերի 27-ի ավագանու ընտրություններին ընդառաջ մարզպետարանի պաշտոնական էջում գերակշռում էին Թումանյան համայնքում իրականացված և նախատեսվող բարեփոխումները ներկայացնող նյութեր՝ համայնքի ղեկավար և ընտրություններում թեկնածու Սուրեն Թումանյանի մասնակցությամբ։ Դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը միտված է իր կուսակցության թեկնածուին ընտրություններում առավելություն ապահովելուն և անհավասար պայմաններ ստեղծում ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար։
Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և վերադաս հանձնաժողովին՝ ներկայացնելով արձանագրված դեպքերի վերաբերյալ փաստերն ու նյութերը և խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Ընտրական հանձնաժողովների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում Անկախ դիտորդը վարչական պատասխանատվության հարցով կդիմի վարչական դատարան»։