կարևոր
445 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 22:17
Աշխարհ

Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ի թիվս այլ թեմաների, քննարկվում է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով՝ «նրանց բոլոր հայտարարությունները հիմնված են անարդարության և ստի վրա»։

«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, նա չի կարողանա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Վրաստանը։ Ցանկացած նորմալ մարդ, ով կատարվողին մոտենում է կշռադատված և չի դիմում քաղաքական շահարկումների, գիտակցում է Վրաստանի նշանակությունը։ Տվյալ կոնկրետ դեպքում մենք հասկանում ենք, թե որն է գլխավոր մտահղացումը․ ամեն գնով երկրի ղեկավարմանը բերել սեփական գործակալական ցանցի ներկայացուցիչներին, որպեսզի հետո երկիրն օգտագործեն սեփական շահերի համար և ստիպեն անել այն, ինչ իրենց է հաճելի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում»,-նշել է նա՝ ավելացնելով, որ աշխարհագրական դիրքի տեսանկյունից և բազմաթիվ այլ ասպեկտներով Վրաստանն առաջատար երկիր է։

«Եկեք նայենք, թե ինչպիսին է մեր տնտեսական և ժողովրդավարական զարգացումը վերջին տարիներին, ինչպիսին է խոսքի և կարծիքի արտահայտման ազատությունը։ Բայց խոսքի ազատությունն այն տեսքով չէ, ինչպես իրենց է ձեռնտու, երբ կարելի է հայհոյել, հայհոյախոսել, վիրավորել ու հալածել այլ տեսակետ ունեցող մարդկանց։ Եթե դու այլ կերպ ես մտածում, քո վրայով ուղղակի կանցնեն։ Իրենց համար դա ժողովրդավարություն է, իսկ մեզ համար դա ժողովրդավարություն չէ։ Խոսքի, ինքնարտահայտման ազատություն և հավասար հնարավորություններ պետք է ունենա յուրաքանչյուր ոք, և հենց այդպիսի երկիր ենք մենք կառուցում»,- եզրափակել է Կալաձեն։