կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 18:04
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։

Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում իրենց խմբակցության առաջնահերթությունները։

Դեսպանը խոսել է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի սերտացման ու պարբերաբար հանդիպումներ ունենալու անհրաժեշտությունից։ Խորհրդարանական համագործակցության ընդլայնման տեսանկյունից Խալիլ Շիրղոլամին ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Կարևորվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։

Կողմերը խոսել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ։