|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հոկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։
«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով։
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Հայաստանյան թանգարանների ներկայացուցիչներ, վերականգնման մասնագետներ եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Հայաստանյան պաշտոնյաներ, ճապոնագետներ։
Ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքի խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Բացման խոսքում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձավ արհեստանոցի գործունեությանը՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն գոհունակություն հայտնեց արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ տրամադրված սարքավորումները կծառայեն թանգարանային նմուշների վերականգնման ու պահպանման աշխատանքներին։
Տիար Վազգեն Յակուբյանն անդրադարձավ Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի բազմամյա համագործակցությանը՝ ընդգծելով, որ թանգարաններում պահվող արժեքները ժողովրդի ինքնության և պատմական հիշողության վկաներն են։ Նա կարևորեց արհեստանոցի համալրումը նորարարական սարքավորումներով, որոնք կնպաստեն այդ արժեքների վերականգնման և անխաթար պահպանության գործին։
Արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների ցուցադրությունը՝ պահոցներում գտնվող հոգևոր և մշակութային արժեքները պատշաճ կերպով ներկայացնելով հանրությանը։