կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 14:43
Հասարակություն

Սեպտեմբերի 27․ օր, որից հետո կյանքը շարունակվեց, բայց մեր սրտերում ինչ-որ բան ընդմիշտ կանգ առավ․ «Տոնոյան» ԲԿ

Սեպտեմբերի 27․ օր, որից հետո կյանքը շարունակվեց, բայց մեր սրտերում ինչ-որ բան ընդմիշտ կանգ առավ․ «Տոնոյան» ԲԿ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց Արցախում, «Տոնոյան» բժշկական կենտրոնի գրեթե բոլոր բժիշկները թողեցին իրենց աշխատանքը Երևանում և մեկնեցին առաջնագիծ։ Կենտրոնում մնացին ընդամենը մի քանիսը։ Մյուսները գնացին այնտեղ, որտեղ իրենց ամենից շատն էին սպասում։

Դպրոցները վերածվեցին հիվանդանոցների։ Վրանները՝ վիրահատարանների։ Այնտեղ, պատերազմի աղմուկի մեջ, բժիշկների ձեռքերը պայքարում էին յուրաքանչյուր կյանքի համար։ «Տոնոյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողքին էին բազմաթիվ այլ բժիշկներ, բուժաշխատողներ ու կամավորներ։ Նրանք տարբեր տեղերից էին եկել, բայց ապրում էին նույն հույսով՝ թող ևս մեկը փրկվի։ Թող ևս մեկը տուն վերադառնա։

Այդ օրերին Տարոն Տոնոյանն ու մյուս բժիշկները ժամեր շարունակ կանգնած էին վիրահատական սեղանի մոտ։ Գիշերը լուսանում էր, բայց նրանց աշխատանքը չէր ավարտվում։ Հոգնած աչքերով, երբեմն՝ առանց քնելու, նրանք շարունակում էին վիրահատել։ Որովհետև վիրահատական սեղանին պառկած յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի որդին էր, ամուսինը, եղբայրը, հայրը։ Ինչ-որ մեկի ամբողջ աշխարհը։

Նրանք մի կողմ էին դրել իրենց աշխատանքը, իրենց ապահով առօրյան, իրենց ընտանիքների կողքին լինելու հնարավորությունը։ Գնացել էին հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ գիտակցելով, որ վտանգի տակ է նաև իրենց կյանքը։ Գնացել էին, որովհետև այդ պահին հայրենիքին պետք էին հենց իրենց ձեռքերը։

Մենք գիտենք, թե ինչ կորցրինք։ Այդ ցավը բառերով չափել հնարավոր չէ։ Բայց այդ ցավի մեջ պարտավոր ենք հիշել նաև նրանց, ովքեր պատերազմի ամենամութ օրերին մինչև վերջին ուժը պայքարեցին կյանքի համար։ Հիշել այն չքնած գիշերները, այն վիրահատությունները, այն մարդկանց, որոնց հաջողվեց տուն վերադարձնել, և նրանց, ում փրկել չհաջողվեց, որքան էլ պայքարեցին։

Խոնարհվում ենք զոհվածների հիշատակի առջև։ Խոնարհվում ենք բոլոր բժիշկների, բուժաշխատողների ու կամավորների անձնվիրության առջև։

Սեպտեմբերի 27-ը վերք է, որ չի սպիանում։ Իսկ ձեր արածը՝ հիշողություն, որ չի ջնջվում։

«Տոնոյան» ԲԿ