կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 22:26
Հասարակություն Քաղաքական

Պահանջում ենք կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

Պահանջում ենք կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել.

«Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։

Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։

Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։

Մենք պահանջում ենք.

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։ 

Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։

 Հոկտեմբերի 2

Ժամը՝ 15:00-ին

Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց»։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»