կարևոր
523 դիտում, 43 րոպե առաջ - 2026-09-29 13:30
Քաղաքական

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։
Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից քննչական մարմինները հրաժարվել են։

Նիկոլ Փ․-ն փակ դատավարություն է անցկացնում երկու հիմնական պատճառով․

1. Նախընտրական փուլում շեփորահարված լկտի ստերը փլվել են, և նա ուզում է, որ ճշմարտությունը հնարավորինս քիչ մարդկանց հասանելի դառնա,

2. Նա դեռ հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին։

Քանի որ դատավարությունը փակ է, բայց առնչվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությանն ու հայ-ռուսական հարաբերություններին, ուստի հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ «մեղադրանքներ» են ներկայացվել և ինչ հետևանքների կարող է հանգեցնել Նիկոլ Փ․-ի հերթական հակապետական, հակահայկական արկածախնդրությունը։

Ի վերջո, ինչի՞ մասին է այս «գործը»։
Ըստ Նիկոլ Փ․-ի՝ պետական դավաճանություն և լրտեսություն է`
1. Քաղաքական գործիչ լինելը և հակաիշխանական հայացքներ ունենալը (ի դեպ, այս նախադասությունը վերցված է ինձ ներկայացված մեղադրական եզրակացության ամփոփիչ հատվածից),

2. Ռուսաստանին ոչ թե որպես թշնամի, այլ ռազմավարական դաշնակից պետություն դիտարկելը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հեռացմանը դեմ լինելը,

3. Սահմանագծման և սահմանազատման գործընթացը Հայաստանի միակողմանի զիջումների միջոցառման վերածելուն դեմ լինելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, սահմանազատումն ու սահմանագծումը փոխհամաձայնեցված, հստակ քարտեզով իրականացնելուն կողմ լինելը։
Սա աշխարհաքաղաքական աննախադեպ դատավարություն է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում։

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»։ Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ․-ն։

Դատարանն ըստ այդմ պետք է որոշում կայացնի, թե արդյոք Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։
Դատարանը պետք է որոշում կայացնի՝ Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։
Եվ երրորդ՝ դատարանը նաև պետք է որոշի, թե արդյոք ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։

Այլ հարցեր այս «գործում» չկան։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
29.09.2026թ.