կարևոր
655 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-08 15:02
Քաղաքական

Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան

Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով։

Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների և շրջանցիկ նոր ճանապարհների կառուցում։

Ակնհայտ էր, և մենք այդ մասին զգուշացնում էինք, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումը չի կանխելու խցանումները։ Դրա փոխարեն առաջարկում էինք կառուցել ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ, սակայն քաղաքային իշխանություններն այս առաջարկներին ևս ականջալուր չեղան։

Խցանումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների, որոնք կիրականացնեն երթևեկության համապարփակ մոնիթորինգ, կվերլուծեն առկա խնդիրները և կմշակեն երկարաժամկետ լուծումներ։

Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խցանումների հարցը կարգավորելու պատրվակով բարձր աշխատավարձով աշխատանքի են ընդունվում այս իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։

Կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ կտիրի Երևանի փողոցներում ձյան տեղումների պարագայում։

Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում են» խցանումների խնդիրը։

Մինչդեռ, օր օրի այս հարցը վերածվում է գերխնդրի՝ խլելով մեր քաղաքացիների թանկ ժամանակը, բորբոքելով նյարդերը։

Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ, և չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»։