կարևոր
1012 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 14:29
Քաղաքական

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության իրավունքը. Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության իրավունքը. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։

Առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելն այլ բան չէ, քան դիտավորություն, և այն ենթակա է իրավական ամենախիստ գնահատականի, քանզի օրենքով թույլատրելի էր համապատասխան քննչական գործողությունն իրականացնել նրա գտնվելու վայրում։

Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգան նոր դրվագի շրջանակում։

Դիտավորությամբ անձին ուժեղ ֆիզիկական, հոգեկան տառապանք և ցավ պատճառելը, նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով նման վերաբերմունք ցուցաբերելը ավելին է, քան անմարդկային վերաբերմունքը, դա խոշտանգում է և չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի։

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության և մարդկային վերաբերմունքի իրավունքը, ինչը պետության համար սահմանագիծ է, որը երբեք չպետք է հատվի։

Օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը. այն կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է։

 

ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ

ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

02․09.2026, ԵՐԵՎԱՆ