կարևոր
574 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-31 11:19
Քաղաքական

Կարո՞ղ են արդյոք Ռաֆայել Լեմկինի ազգականները ստիպել Լեմկինի ինստիտուտին հեռացնել նրա անունը. Սասունյան

Կարո՞ղ են արդյոք Ռաֆայել Լեմկինի ազգականները ստիպել Լեմկինի ինստիտուտին հեռացնել նրա անունը. Սասունյան

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, որը Փենսիլվանիայում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է, վերանվանվել է 2023 թվականին՝ աջակցելու նրանց, որոնք գտնվում են ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների զոհ դառնալու վտանգի առաջ:

Ինստիտուտը կոչվել է լեհ-հրեական ծագում ունեցող, Հոլոքոստը վերապրած իրավաբան Ռաֆայել Լեմկինի (1900-1959) անունով: Նա 1944 թվականին ստեղծել է ցեղասպանություն եզրութը՝ նկարագրելու համար այն, ինչը մինչ այդ անվանում էին հայկական ջարդեր: 1948 թվականին, անխոնջ ջանքերի շնորհիվ, նրան հաջողվել է հասնել Միավորված ազգերի կազմակերպության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը՝ ցեղասպանությունը դարձնելով միջազգային հանցագործություն:

Ինստիտուտը, որը բացառապես կամավորական կազմակերպություն է և չունի վարձատրվող անձնակազմ, նպատակ ունի արժևորելու Լեմկինի աշխատանքը՝ փորձելով պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող վտանգված համայնքներին, այդ թվում՝ արցախահայությանը: 2023 թվականի սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 127-էջանոց զեկույց, որում նշվում էր արցախահայերի դեմ զանգվածային վայրագությունների, մասնավորապես՝ ցեղասպանության վտանգի աճի մասին:

2025 թվականին Ռաֆայել Լեմկինի ազգական, իրավաբան Ջոզեֆ Լեմկինը դեմ արտահայտվեց Լեմկինի անվան օգտագործմանն այդ ինստիտուտի կողմից՝ Գազայում Իսրայելի կողմից պաղեստինցիների սպանությունները որպես ցեղասպանություն որակելու պատճառով: Ըստ The Times of Israel-ի՝ Ջոզեֆ Լեմկինը սիոնիստ է և Իսրայելի աջակից, որի հայրը եղել է Ռաֆայել Լեմկինի զարմիկը:

«Նրանք աղավաղում են նրա [Ռաֆայելի] ժառանգությունը և յուրացնում նրա անունը՝ առաջ մղելու ցեղասպանության այնպիսի սահմանում, որն անհամատեղելի է նրա կյանքի գործի վերաբերյալ մեր պատկերացումների հետ», ասել է 57-ամյա Ջոզեֆ Լեմկինը: «Ինձ համար սա նրա հիշատակի արատավորում է՝ նրա անվան հետ կապելով մեղադրանքներ, որոնք արժեզրկում են ցեղասպանության բուն էությունը»: Ջոզեֆ Լեմկինն սպառնացել է դատի տալ Լեմկինի ինստիտուտին՝ անվան շուրջ ծագած վեճի պատճառով:

2026 թվականի ապրիլին Ջոզեֆ Լեմկինը և Եվրոպական հրեական ասոցիացիան (EJA) իրավական հուշագիր ներկայացրեցին Փենսիլվանիայի Կորպորացիաների և բարեգործական կազմակերպությունների բյուրո՝ առարկելով ինստիտուտի կողմից Լեմկինի անվան օգտագործման դեմ: «Որպես հաստատություն՝ նրանք կարող են հրապարակել այն, ինչ ցանկանում են: Բայց նրանք չեն կարող ներկայանալ Ռաֆայել Լեմկինի անունով և միևնույն ժամանակ աղավաղել նրա ժառանգությունը, ինչն ամբողջովին հակասում էր նման   համոզմունքներին», նշել է EJA-ի նախագահ և հիմնադիր ռաբբի Մենախեմ Մարգոլինը: «Նրանց արածն ամբողջությամբ անօրինական է, ուստի մենք Փենսիլվանիայի իշխանությունների հետ արշավ ենք սկսել՝ նրանց գործունեությունը դադարեցնելու կամ առնվազն անվանումը փոխելու համար»։

EJA-ի փաստաբանները նամակներ են ուղարկել Փենսիլվանիայի տարբեր պաշտոնյաների՝ խնդրելով հետաքննել Լեմկինի ինստիտուտի՝ որպես 501(c)(3) հոդվածով հարկերից ազատված բարեգործական կազմակերպության կարգավիճակը: Խումբը նաև դիմել է Իսրայելի սփյուռքի և հակասեմիտիզմի դեմ պայքարի ծայրահեղական նախարար Ամիխայ Չիկլիի աջակցությանը, որը նամակ է գրել Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյին՝ կոչ անելով այս հետաքննությունը դարձնել առաջնահերթություն: Ջոզեֆ Լեմկինին ներկայացնող իրավաբանական ընկերություններից մեկը մեղադրել է Լեմկինի ինստիտուտին Համասին պաշտպանելու, Հեզբոլլահին աջակցելու և Միացյալ Նահանգներին թիրախավորելու մեջ․ մեղադրանքներ, որոնք ինստիտուտը համարում է կեղծ և զրպարտչական:

Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջին էլեկտրոնային նամակում պարզաբանել է. «Լեմկինների ընտանիքի մի քանի անդամներ աջակցում են մեր գործունեությանը և ընդունում են, թե ինչպես ենք մենք կիրառում Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններն ու վերլուծությունները կանխարգելման մեր սեփական մեխանիզմներում»։

Լեմկինի ինստիտուտը 2025 թվականի հոկտեմբերի 14-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մեր կողքին են Լեմկինի ընտանիքի անդամներ, որոնք կապ են հաստատել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից [Համասի հարձակումը] հետո։ Պիտեր Լեմկինը, ում մանկության տուն հաճախ այցելում էր Ռաֆայել Լեմկինը, հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերել՝ քաջալերելով, կիսվելով Լեմկինի աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումներով և տեղեկացնելով պետությունների կողմից Ցեղասպանության կոնվենցիայի վավերացման ջանքերում իր ընտանիքի սերտ համագործակցության մասին …․ Միայն Իսրայելի վերաբերյալ մեր աշխատանքն է հանգեցրել համակարգված զրպարտչական արշավի Միացյալ Նահանգներում վտանգավոր և նախադեպ ստեղծող հետևանքներով»: Չեխիայում բնակվող Պիտեր Լեմկինը միացել է Լեմկինի ինստիտուտի խորհրդին:

Լեմկինի ինստիտուտի կողմից Ռաֆայել Լեմկինի անվան օգտագործման շուրջ ծագած վեճն իրականում քաղաքական բնույթ է կրում և ոչ թե իրավական։

Ռաֆայել Լեմկինի ազգականները որևէ վերահսկողություն չունեն նրա անվան օգտագործման նկատմամբ, եթե միայն հատուկ չեն ժառանգել նրա անվան օգտագործման օրինական իրավունքները: Հայտնի չեն փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ռաֆայել Լեմկինը նման իրավունքներ է կտակել իր ազգականներից որևէ մեկին: Քանի որ Ռաֆայելը մահացել է ծայրահեղ աղքատության մեջ, նրա ազգականներից ոչ մեկը որևէ ժառանգություն չի ստացել:

Նույնիսկ եթե լինեին նման ժառանգության ապացույցներ, Փենսիլվանիայի օրենսդրությամբ անվան առևտրային օգտագործման համար կա 30 տարվա ժամկետ: Լեմկինը մահացել է 1959 թվականին: Այսպիսով, Փենսիլվանիայի օրենքով, այդ իրավունքի գործողության ժամկետը սպառված կլիներ 1989 թվականին: Ավելին, այդ օրենքը տարածվում է Փենսիլվանիա նահանգում մահացած անձանց վրա, մինչդեռ Ռաֆայելը մահացել է Նյու Յորքում: 

Ինչ վերաբերում է քաղաքական բանավեճում ներգրավված Լեմկինի որոշ ազգականներին, որոնք Իսրայելի ջերմեռանդ աջակիցներ են, ապա կան այլ ազգականներ, որոնք դեմ չեն Գազայի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունների վերաբերյալ ինստիտուտի քննադատությանը: Ավելին, Ռաֆայելի ազգականներից մեկը որոշել է միանալ ինստիտուտի խորհրդին։

Հետևաբար, Լեմկինի այն ազգականները, որոնք դեմ են ինստիտուտի անվանմանը, չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական լիազորություն՝ արգելելու դրա օգտագործումը: Մեծ է հավանականությունը, որ եթե այս հարցը հասնի դատարան, Լեմկինի ինստիտուտը կհաղթի:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com