կարևոր
910 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-24 23:53
Հասարակություն

Կուտկաշենի շրջանի Սուլթան-Նուխի գյուղը տուժեց, երբ օսմանյան զորքերը ավերեցին հայկական բնակավայրերը

Կուտկաշենի շրջանի Սուլթան-Նուխի գյուղը տուժեց, երբ օսմանյան զորքերը ավերեցին հայկական բնակավայրերը

Սուլթան-Նուխի գյուղը գտնվում է Կուտկաշենի շրջանի նույնանուն շրջկենտրոնից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 11 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը հայտնի է նաև Ղաբալա-Նուխի անվամբ։

Սուլթան-Նուխին հիմնադրվել է 18-րդ դարում։ Գյուղում, բացի հայ քրիստոնյաներից, ապրել են նաև մուսուլման հայեր՝ հիմնականում գյուղի Թափա-Մահլա թաղում։

1841 թվականին գյուղում բնակվել է 338 մարդ, իսկ տասը տարի անց՝ գյուղի հայ բնակչության թիվը հասել է 668 մարդու։ 1874 թվականին Սուլթան-Նուխին ունեցել է 1027, 1886 թվականին՝ 868 բնակիչ։ 1890 թվականին գյուղի հայ բնակչությունը եղել է 1019, 1901 թվականին՝ 983, 1908 թվականին՝ 952 մարդ։ 1912 թվականին Սուլթան-Նուխիում ապրել է 1061, իսկ 1914 թվականին՝ 1110 հայ։ Նշվում է, որ 1917 թվականին գյուղում ապրել է միայն 160 տուն հայ բնակչություն․ մնացածը եղել են թյուրքացած հայեր։

1886 թվականին գյուղում բացվել է հայկական դպրոց, որտեղ սովորել է 30 աշակերտ։ 1889 թվականին հիշատակվում է, որ Սուրբ Սահակյան անունը կրող դպրոցում եղել են 33 աշակերտ և 1 ուսուցիչ։ Դպրոցը փակվել է 1894 թվականին, վերաբացվել՝ 1914 թվականին․ աշակերտների թիվը եղել է 43։

Սուլթան-Նուխիում հայկական երկու եկեղեցի է եղել։ Գյուղի արևմտյան թաղում է գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի վերանորոգման աշխատանքներն սկսվել են 1872-1873 թվականներին։ Այդ մասին է վկայել եկեղեցու հարավային մուտքի արձանագրությունը․

Բ(ե)րի քարն այս Խ(ա)չ(ա)տ(ու)ր Աթ(ա)բ(ե)կ(եանց)

Ի 1873 ամի 10-ին սէկտէմբ(ե)րի շինեց(ա)ւ

Ս(ու)րբ Աստուած(ա)ծին եկէղէցիս ծախուք

հասարակութ(ե)ան ի ժամանակի քահանո(ւ)մ է

Աւետիս ք(ա)հ(ա)ն(ա) Տ(է)ր Իսրաէլե(ա)նց Սօլթանոխի

Եկեղեցու հյուսիսային կողմում՝ մկրտարանի ավազանի մոտ, եղել է մեկ այլ արձանագրություն․

Յիշատակ է Ս(ուր)բ աւազանն {էր}

Էրեցի որդի Գալուստին եւ իւր կող

ակից Սանդուխտին ե(ւ) որդոցն Ղարա

զին, Օհանին, Աբր(ա)համին։

Այս արձանագրությունները պահպանված են եղել նաև 1986 թվականին, երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այցելել է Սուլթան-Նուխի։

Գյուղի երկու եկեղեցիներում էլ եղել են քահանաներ, որոնցից հիշատակվել են՝ տեր Դանիելը (18-րդ դարում), տեր Իսրայելը (19-րդ դարի սկզբին, մահացել է 1807 թվականին), Կարապետ Տեր-Իսրայելյանցը (պաշտոնավարել է 1812-1845 թվականներին), Զաքարիա Միքայելյանը (պաշտոնավարել է 1817-1849 թվականներին), Խաչատուր, Ավետիք, Առաքել քահանաները (հիշատակվել են 1843 թվականին), Պետրոս Տեր-Կարապետյան-Տեր-Իսրայելյանցը (պաշտոնավարել է 1850-1877 թվականներին), Հովհաննես Տեր-Զաքարյանը (հիշատակվել է 19-րդ դարի երկրորդ կեսին), Ավետիք Տեր-Իսրայելյանցը (պաշտոնավարել է 1870-1908 թվականներին, եղել է սուլթաննուխեցի), Հարություն Աթաքիշիյան (Հարությունյան)-Տեր-Զաքարյանցը (պաշտոնավարել է 1879-1910 թվականներին), Սուրեն Տեր-Զաքարյանցը (պաշտոնավարել է 1910-1914 թվականներին)։

Գյուղի մուսուլման հայերի թաղում գործել է երկու մզկիթ։

Սուլթան-Նուխիում եղել են հայկական գերեզմանոցներ, որոնցից մեկը գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Այստեղ պահպանված տապանաքարերն ունեցել են արձանագրություններ։ Ստորև ներկայացնենք դրանցից մի քանիսը․

Այս է տապան տ(է)ր Իսրա(յ)էլի /կողակից Աննա(յ)ին {է}, թվ(ին) ՌԲՃԽԴ (1795)։

Այս է տապան Ղապալու նուխեցի / Աքարի որդի Մինասին, թ(վին) ՌՄԿԴ (1815), մահիսի Ժ (10)։

Այս է տապան Ղապալու նուխեցի Սարգիսի որդի / Յօսէփին {ե}, որք հանդիպիք սմա, մէկ / ուղիղ սրտիւ Ա(ստուա)ծ ողորմի ասացէք եւ / ա(ստուա)ծ ձեզ ողորմեսցի, թվ(ին) ՌՄԿԸ (1819)։

Այս է տապան Մարիամի, որ է դուստր տէր Զա/քարի, կողակից էր Յոհանէսի, որդոյն՝ Կարապետ / ք(ա)հ(ա)ն(ա)յի, 1844 ապրիլի 8-ին վախճանի։

Այս է տապան տէր Կարապետի, որ է որդի տէր Իսրա(յ)էլի, / թոռն կոչի քահանայի, նախամեծար տէր Դանիէլ։ Սոքա են ազգ քահանայի, ի բնէ Սուլթան  Նուխի։ / Յամս 30 սա ձեռնադրի, վաթսուն ամի առ գուղի տէր փոխի, / որ հանդիպի սոյն տապանի մի զանց առնէ հագւ(ո)ց ասի, / 1846 ամի, ի 4 աւուրն մայիսի, յամսէ վախճանի, / հանդիպօղացդ աղաչեմ Տէր ողորմի ասել մաղթեմ, / իսկ որ առընթեր կան, ուշիմ մտօք ողորմի դան։

Մեկ այլ տապանաքար գտնվել է գյուղի արևելյան թաղում՝ Քրիստոս Աստուած ողորմեա Իռստամին, թվ ՄԷ արձանագրությամբ։ 

Գյուղի մոտ Վանքասարն է, որի վրա գտնվել են Կապաղակի երբեմնի եպիսկոպոսանիստ վանքի (5-7-րդ դդ․) ավերակները։

Շրջակա հայկական այլ գյուղերի նման Սուլթան-Նուխիի հայությունը նույնպես տուժել է 1918 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերն ու տեղի կովկասյան թաթարներն ավերել են Արևելյան Այսրկովկասի հայկական բնակավայրերը։ Այդ իրադարձություններից հետո, այնուամենայնիվ, հայերը շարունակել են ապրել գյուղում՝ մնալով մինչև 1988 թվականի բռնագաղթը։

Գեղարդ հիմնադրամ