|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելլան երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում արտակարգ դրություն է հայտարարել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Ճգնաժամը հաղթահարելու և աղետի հետևանքների տարածումը կանխելու նպատակով 15 դեպարտամենտում հայտարարվել է տնտեսական արտակարգ դրություն՝ 30 օր ժամկետով», – հայտնել են պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունից։
Նրա նախագահությամբ անցկացված Նախարարների խորհրդի առաջին նիստը սկսվել է համատեղ աղոթքով և ավարտվել արտակարգ դրության հաստատմամբ։ Այդ միջոցառումը թույլ կտա նախագահին՝ առնվազն 30 օր տևողությամբ շրջանցել Կոնգրեսի քվեարկության անհրաժեշտությունը՝ այդ ռեժիմի շրջանակներում կայացվող որոշումների դեպքում։ Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել տարվա ընթացքում երկու անգամ՝ նույն տևողությամբ, ընդհանուր առմամբ՝ ոչ ավել, քան երեք ամիս ժամկետով։
Ձախակողմյան քաղաքական գործիչ Իվան Սեպեդայի գլխավորած ընդդիմությունը նախազգուշացրել է, որ արտակարգ դրությունը կարող է օգտագործվել Կոլումբիայում օտարերկրյա ռազմական զորախմբերի ներկայությունը օրինականացնելու նպատակով՝ ընդգծելով, որ ցանկացած օտարերկրյա ռազմական գործողություն պահանջում է Սենատի հաստատումը։
«Արտակարգ իրավիճակի պայմաններում տրված այս լիազորությունները մեզ անսահմանափակ գործելու հնարավորություն չեն տալիս։ Մեր հատկացրած յուրաքանչյուր պեսոն պետք է ուղղվի ստեղծված իրավիճակից բխող կարիքների բավարարմանը և ծախսվի պատասխանատու, թափանցիկ ու խստագույնս նպատակային կերպով»,- ասել է Կոլումբիայի նախագահը։