|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Օգոստոսի 12-13-ը, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակում, Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան բարձր բժշկական տեխնոլոգիաների ազգային բժշկական հետազոտական կենտրոնի և Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի մասնաճյուղի բազայում, անցկացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների բժշկական ծառայությունների ներկայացուցիչների միջազգային գիտագործնական համաժողովը և աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, մասնավորապես, նշել է, որ ժամանակակից ռազմական գործողությունների պայմաններում, որոնք բնութագրվում են բարձր ճշգրտության զենքի ակտիվ կիրառմամբ, սանիտարական կորուստների թվի աճով և ծանր վիրավոր զինծառայողների մասնաբաժնի ավելացմամբ, անհրաժեշտություն է առաջանում հետագա աշխատանքներ իրականացնել բժշկական ապահովման կազմակերպման հարցերի ուղղությամբ։«Համատեղ անցկացվող զորավարժությունների փորձը հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական կազմավորումների սերտ փոխգործակցության, ինչպես նաև քաղաքացիական առողջապահության ոլորտի հետ համագործակցության, բժշկական կադրերի պատրաստման և ռազմաբժշկական համագործակցության կատարելագործման արդիականությունը»,- նշել է գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը հատկապես ընդգծել է, որ 2026 թվականին Կազմակերպությունում նախագահող Ռուսաստանի Դաշնությունը որպես հիմնական առաջնահերթություններից մեկը հայտարարել է ռազմական բժշկության և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Բժշկական ծառայությունների ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ուժերի հետագա զարգացումը, տակտիկական բժշկության ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման հեռանկարները, զինված հակամարտությունների պայմաններում ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) բժշկական ապահովման արդիական հարցերին նվիրված աշխատանքային հանդիպման նախապատրաստումը, ինչպես նաև բժշկական ապահովման հարցերում փոխգործակցության կատարելագործման ուղիները։