|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
2027 թ․ հունվարի մեկից կառավարությունը ներդնում է հեռախոսների IMEI կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ:
Նոր կարգավորմամբ սահմանվում է`
Տվյալ տարում արտադրված յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ ներմուծված հեռախոսի դեպքում ֆիզիկական անձը պետք է IMEI կոդի համար վճարի 100,000 դրամ տուրք, նախորդ տարում արտադրված հեռախոսի համար՝ 20,000 դրամ։ Բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց համար մինչև 2 տարեկան յուրաքանչյուր հեռախոսի IMEI կոդի գրանցման համար սահմանված է 3000 դրամ տուրք, և տարեկան 250,000 դրամ տուրք։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ IMEI կոդերի գրանցման համակարգի քննարկման հիմքում բջջային հեռախոսների շուկայում առկա ստվերային մեծ շրջանառության դեմ պայքարն է։ Ըստ նրա՝ խոսքը միլիարդավոր դրամների ստվերային շրջանառության մասին է, որի հետևանքով պետությունը զրկվում է եկամուտներից։
«Երկիրը եկամուտներից զրկվում է, թոշակառուն թոշակից է զրկվում, երեխան դպրոցից և մանկապարտեզից է զրկվում, համայնքը՝ ճանապարհից ու լուսավորությունից»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միայն մաքսային վերահսկողության միջոցով խնդիրը լիարժեք լուծել հնարավոր չէ, քանի որ հեռախոսները հաճախ երկիր են բերվում անհատական ճանապարհով։
Yerkir.am-ը Պետական եկամուտների կոմիտեից գրավոր հարցմամբ ճշտել է, թե վերջին մեկ տարվա կտրվածքով բջջային հեռախոսների, այդ թվում՝ խելացի հեռախոսների (սմարթֆոնների) ապօրինի վաճառքի և մաքսանենգության քանի՞ դեպք են գրանցել իրավապահ մարմինները, և այդ գործերով դատարաններում քանի՞ վարույթ է նախաձեռնվել:
ՊԵԿ-ից ստացված գրավոր տեղեկանքի թվերը, սակայն, բոլորովին չեն համապատասխանում Փաշինյանի տագնապեցնող հայտարարություններին։ Այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պետական սահմանով անօրինական տեղափոխված բջջային հեռախոսների վերաբերյալ ՊԵԿ մաքսային մարմինների կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման, ուշադրություն, 26 դեպք, որոնց վերաբերյալ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են վարչական վարույթներ։ Ի դեպ, վերոնշյալ 26 դեպքից 3-ի պարագայում էլ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները բողոքարկվել են դատական կարգով։
ՊԵԿ-ից չեն մանրամասնում, թե նշված 26 դեպքերով հեռախոսների ապօրինի ներմուծման ի՞նչ խմբաքանակներ են բացահայտվել, քանի որ օրինակ, 2 կամ 3 հեռախոսի ապօրինի ներմուծումը ևս վիճակագրություն է։ Ամեն դեպքում՝ հեռախոսների ապօրինի տեղափոխման ընդամենը 26 դեպքը, որն արձանագրվել է մեկ տարվա ընթացքում, որևէ աղերս չունի Փաշինյանի նշած միլիարդավոր դրամների մաքսանենգության հետ։ Բացառվում է, որ այդ 26 դեպքով պետությանը տված վնասն այնքան լինի, որ թոշակառուն զրկվի թոշակից, երեխան՝ դպրոցից և մանկապարտեզից, համայնքը՝ ճանապարհից ու լուսավորությունից։
Վերոնշյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ Փաշինյանի իշխանության այս նոր «բարեփոխումը» կամ շատ քիչ աղերս ունի Փաշինյանի տնտեսական հիմնավորումների հետ, կամ ընդհանրապես չունի։ Իսկ թե որտեղ է թաղված շան գլուխը՝ արդեն ահազանգել են բազմաթիվ փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «Ձեզ լուրջ պահեք, կարող ա պատահի մեզ հետևում են»:
Վահե Սարգսյան