|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը դժվարությամբ է դիմակայում Իսպանիայում և Ֆրանսիայում բռնկված հրդեհներին, որոնք շարունակում են ծանրաբեռնել տեղական ռեսուրսները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Հրդեհները գերազանցում են արձագանքման հնարավորությունները։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 80 000 հեկտար տարածք Իսպանիայում և ավելի քան 42 000 հեկտար՝ Ֆրանսիայում։ Հրդեհները, որոնք ստիպել են 320 000 մարդու լքել իրենց տները, դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չեն առնվել։
Եվրոպական միությունը նշված երկու երկրներին աջակցելու նպատակով իրականացնում է իր պատմության մեջ ամենախոշոր ծրագիրը։ Բրյուսելն ընդունում է, որ հրդեհները ձեռք են բերել աննախադեպ մասշտաբներ՝ տարածվելով ավելի արագ, քան հրշեջները կարողանում են դրանք վերահսկողության տակ առնել։
Ճգնաժամը նաև ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությունն ազդել է խոշորածավալ աղետների դեպքում գործելու՝ միության կարողության վրա։
Հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Հաջա Լահբիբն ավելի վաղ հաստատել էր, որ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը գերծանրաբեռնված է, սակայն ընդգծել էր, որ այն գործում է։
Այնուամենայնիվ, Բրյուսելը մտադիր է ավելացնել հրդեհաշիջման ինքնաթիռների քանակը և արտակարգ իրավիճակների անդրսահմանային արձագանքման կարողությունները։ ԵՄ պաշտոնյաները փաստել են, որ կլիմայի փոփոխությունը երկարաձգում է անտառային հրդեհների սեզոնը, և որ այդ հրդեհների հետևանքները գնալով ավելի ծանր են դառնում՝ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա իրավիճակի հետ։