կարևոր
379 դիտում, 55 րոպե առաջ - 2026-07-23 19:28
Հասարակություն

Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet

Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet

Civilnet-ը գրում է

«Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում որոշեց երեք տարով անհատույց օգտագործման իրավունքով պետական տարածք տրամադրել 1in.am լրատվականին («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ)։ Լրատվամիջոցի հիմնադիրը Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։ Մեդիա ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում առանձին լրատվամիջոցի պետական նման աջակցությունը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի թափանցիկ և նախապես սահմանված չափորոշիչներով։

Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ լրատվամիջոցներին պետական աջակցությունն ինքնին անընդունելի չէ, հատկապես այն պայմաններում, երբ մեդիա ոլորտը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնած։ Սակայն, նրա համոզմամբ, նման աջակցությունը պետք է հիմնված լինի հստակ մշակված կանոնների վրա և հասանելի լինի բոլորին։

«Եթե կառավարությունը ցանկանում է աջակցել մեդիա ոլորտին, ապա դա պետք է արվի շատ հստակ մշակված մեխանիզմներով և կանոններով։ Այդ մեխանիզմները պետք է ապահովեն հավասար հնարավորություններ բոլոր լրատվամիջոցների համար՝ անկախ իշխանությունների նկատմամբ նրանց վերաբերմունքից»։

Նավասարդյանի գնահատմամբ՝ երբ պետական աջակցությունը տրամադրվում է առանձին լրատվամիջոցի՝ առանց հրապարակային չափորոշիչների, առաջանում է վտանգ, որ արտոնյալ պայմաններում կհայտնվեն իշխանությանը բարեհաճ լրատվամիջոցները։ Դա, ըստ նրա,  կարող է ազդել նաև խմբագրական քաղաքականության վրա։ 

Նա առաջարկում է, որ նախ հրապարակայնորեն որոշվի՝ պետությունն ընդհանուր առմամբ ինչ ռեսուրս է պատրաստ հատկացնել մեդիա ոլորտին, իսկ այդ միջոցների բաշխման մասին որոշումները կայացնի անկախ հանձնաժողովը, ոչ թե գործադիր իշխանությունը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարծում է, որ լրատվամիջոցներին պետական աջակցությունը պետք է իրականացվի թափանցիկ և միասնական սկզբունքներով։ «Եթե ուզում են աջակցել լրագրողական համայնքին, դա պետք է լինի միասնական մոտեցմամբ, հստակ պլանով, հստակ չափանիշներով և արդյունքների գնահատման համակարգով, ոչ թե առանձին, հատվածական որոշումներով»։

Դոյդոյանի խոսքով՝ կարևոր է, որ հանրությանը հասկանալի լինեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա կառավարությունը որոշում է պետական աջակցություն տրամադրել այս կամ այն կազմակերպությանը։ Հակառակ դեպքում անխուսափելիորեն առաջանում է անհավասարության և խտրական վերաբերմունքի տպավորություն։

Նա շեշտում է, որ խնդիրը միայն այս որոշումը չէ, այլ այն, որ իշխանությունն առանձին-առանձին նախաձեռնություններով է հանդես գալիս՝ առանց ամբողջական մեդիա քաղաքականության։

Մամուլի շենքի խնդիրն ու իշխանության հայտարարությունները

2024-ի օգոստոսին «Առավոտ» օրաթերթն ավելի քան 30 տարի Երևանի Մամուլի շենքում գործելուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի պաանջով լքեց տարածքը։ 

Կոմիտեն հայտնել էր, որ պայմանագրի ժամկետը լրացել է, այն չի վերակնքվելու, քանի որ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է մինչև 2027-ը աստիճանաբար հրաժարվել պետական տարածքների անհատույց օգտագործման ձևաչափից և անցնել վարձակալական մոդելի։ 

Մամուլի շենքից ավելի վաղ հեռացել էին լրագրողական այլ կազմակերպություններ, այդ թվում՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որը ստիպված էր տեղափոխվել վարձակալության պայմանների փոփոխությունից հետո»։