կարևոր
919 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-17 19:38
Հասարակություն

Կյանքից հեռացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, պետական գործիչ Վալերի Գևորգյանը

Կյանքից հեռացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, պետական գործիչ Վալերի Գևորգյանը

Հարգելի հայրենակիցներ`խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, հայրենանվեր պետական գործիչ Վալերի Գևորգյանը։ Այս մասին հայտնում են Հադրութի քաղաքապետարանից։

«Վալերի Գևորգյանի անունն ու կյանքի ուղին անդառնալիորեն կապված են Հադրութի ու Արցախի պատմության հետ։ Դեռևս 1990-ականների սկզբից՝ Արցախյան առաջին պատերազմի ծանրագույն օրերին, նա կանգնած է եղել մեր շրջանի ինքնապաշտպանության և թիկունքի կազմակերպման ակունքներում։

Տարիներ շարունակ ղեկավարելով Հադրութի շրջանը՝ նա իր ռազմական կարգապահությամբ, հավասարակշռությամբ ու հայրենանվեր աշխատանքով արեց առավելագույնը մեր սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման ու հայկական տարրի ամրապնդման համար։

Բարձր պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ Վալերի Գևորգյանը մնաց բացառիկ ժողովրդական մարդ։ Նա զուրկ էր ամեն տեսակ մեծամտությունից, միշտ անմիջականորեն շփվում էր հասարակության հետ, ապրում էր գյուղացիների հոգսերով ու խնդիրներով։ Նրան Հադրութում ճանաչում և սիրում էին հենց իր այդ պարզության, մարդկային ջերմության ու հասարակ լինելու համար։

Երկար կարելի է խոսել Վալերի Գևորգյանի մասին։

Նա հեռացավ՝ իր սրտում կրելով հայրենի Հադրութի կարոտն ու վերադարձի անկոտրում հույսը։

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Վալերի Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր հադրութցիներին։

Նվիրյալ որդու հիշատակը վառ կմնա մեր սրտերում։ Աստված հոգին լուսավորի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 17:00-ից 20:00-ն՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ Գալշոյան 46)։Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ նույն վայրից»,-ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։