կարևոր
493 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-17 12:33
Հասարակություն

Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանի բացումը՝ Գյումրիում

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բացվեց Շիրակի ազդեցիկ նահանգապետերից մեկի՝ Կարո Սասունու արձանը։

Նա հասարակական-քաղաքական գործիչ է, իրավաբան, պատմաբան, 1919 թվականին ընտրվել է Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ և 1920 թվականին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։ Նա կանգնած է եղել Հայոց ազգային- ազատագրական պայքարի ակունքներում։ 1914-1915 թվականներին մասնակցել է հայ ազգի փրկությանը, Թալինում մասնակցել է Դաշտադեմի ամրոցի կռվին, որի շնորհիվ էլ գրանցվել է Սարդարապատի հերոսական հաղթանակը։

Շիրակի նահանգապետ նշանակվելով՝ սկսել է անխնա պայքար կոռուպցիայի դեմ․ ինչպես ներկայացնում է «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» տնօրեն Ինգա Ավագյանը՝ կարճ ժամանակատվածում վերջ է դրել կոռուպցիային՝ հավասարաչափ պատժելով թե՛ կաշառք տվողներին և թե՛ վերցնողներին ։ Նրա՝ 2 մետր 40 սմ բարձրությամբ բրոնազաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Միսակ Մելքոնյանն է։ Ըստ քանդակագործի՝ արձանը երեք կարևոր խորհրդանիշ ունի․ ծխամորճը մտածելու, խորհելու խորհրդանիշ է, վզնոցը՝ ազատության խորհրդանիշն է, իսկ պարզած ցուցամատը նրա իշխանավոր լինելու վկայությունն է։

Արձանը կյանքի է կոչվել երկու բարեգործների ջանքերով, նրանցից մեկը Աշոտ Ներսիսյանն է՝ «Զորավար Սեպուհ» հասարակական կազմակերպության նախագահը, մյուս բարերարը՝ Իվան Ալթհաճյանն է։

Համազգային հայ կրթական միության կենտրոնական վարչության անդամ  Արտաշես Շահբազյանն իր խոսքում նշեց, որ  սա բարձր պետական  հնչեղություն ունեցող իրադարձություն պիտի լիներ, որովհետև Կարո Սասունին այդ կշռի մարդ է․ 20 տարուց ավելի ազգային-ազատագրական պայքարի մեջ է եղել, պետական շինարարությանը, կռիվներին մասնակցած, Սփյուռքում իր գործունեությունը հայերի փրկությանը նվիրած անձ էր։ Նրա խոսքով՝  Սասունում շատ նշանավոր է եղել Կարո Սասունու մայրը՝ Աննան, որի անունը մեծ ֆիդայինների անվան կողքին էր։

Միջոցառմանը ներկա էր նաև Կարո Սասունու աշակերտը՝ Տիգրան Ճիմբաշյանը, որն իրեն համարեց բախտավոր վերջին սերունդը, որի հայ գրականության և հայ ազատագրական շարժման պատմության ուսուցիչը եղել է Կարո Սասունին։ Նա շեշտեց, որ Կարո Սասունին ընդունված ղեկավար էր  նաև քրդերի մոտ,  հայ-քրդական հարաբերությունների մասին գիրք ունի գրած։

Մանրամասն՝ տեսանյութում։