|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թբիլիսիի Օթար Քորկիայի և Նոդար Ջորջիկիայի անվան մարզապալատում կայացավ RAF Georgia (Real American Freestyle) միջազգային մրցաշարը, որը դարձավ ամերիկյան RAF պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայի առաջին մրցաշարը ԱՄՆ-ից դուրս։ Վրաստանի մայրաքաղաք էին ժամանել օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, միջազգային խոշոր մրցաշարերի մրցանակակիրներ և UFC-ի հայտնի մարզիկներ տասը երկրներից։ Մրցաշարից մեկ օր առաջ ուշադրության կենտրոնում հայտնվեց UFC-ի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի մասնակցությամբ միջադեպը։
Մամուլի ասուլիսի ընթացքում Դվալիշվիլիի և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ումար Նուրմագոմեդովի մարզական գործընկեր Ահմեդ Գաջիմագոմեդովի միջև տեղի ունեցած բանավոր վիճաբանությունը վերաճեց զանգվածային ծեծկռտուքի։ Տարածված տեսանյութերի համաձայն՝ բախմանը միջամտեցին երկու կողմերի ներկայացուցիչներն ու ներկաներից մի քանիսը, իսկ իրավիճակը վերահսկողության տակ առան անվտանգության ծառայության աշխատակիցները։Չնայած միջադեպին՝ մրցաշարն անցկացվեց նախատեսված ծրագրով։ Երեկոյի գլխավոր գոտեմարտում UFC-ի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին մրցեց օլիմպիական չեմպիոն Հենրի Սեհուդոյի հետ և միաձայն մրցավարական որոշմամբ հաղթանակ տարավ։Մրցաշարի կենտրոնական գոտեմարտերից մեկում կրկնակի օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը հաղթեց Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն Քայլ Սնայդերին՝ նվաճելով RAF-ի չեմպիոնական գոտին։Առանձնահատուկ ուշադրություն էր հրավիրված նաև UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի ելույթին։
Վերջին շաբաթներին նա բազմիցս հրապարակային հայտարարություններով և սոցիալական ցանցերում գրառումներով անդրադարձել էր UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիային՝ հետաքրքրություն առաջացնելով նրանց հնարավոր մենամարտի շուրջ։ Նրանց հրապարակային բանավեճը լայն արձագանք էր ստացել։ Դրանից հետո Արմանի ավագ եղբայրը՝ Արթուր Ծառուկյանը, տեսաուղերձով ընդգծել էր, որ հարգանքով է վերաբերվում Վրաստանին և վրաց ժողովրդին՝ նշելով, որ մարզական մրցակցությունը չպետք է թշնամանքի պատճառ դառնա երկրպագուների միջև։ Այնուամենայնիվ, հանդիսատեսի մի մասը Արման Ծառուկյանին դիմավորեց սուլոցներով և մենամարտի ընթացքում վանկարկում էր Իլիա Թոփուրիայի անունը։ Չնայած այդ մթնոլորտին՝ հայ մարզիկը վստահ հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովին՝ 11։0 հաշվով՝ մրցակցին հնարավորություն չտալով միավոր վաստակել։Մրցաշարի մյուս կարևոր արդյունքներից էր Փարիզ-2024-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գենո Պետրիաշվիլիի վստահ հաղթանակը։
Նա 10։0 հաշվով առավելության հասավ Լոնդոն-2012-ի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ջեյք Վարների նկատմամբ։Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գիվի Մաչարաշվիլին 7։3 հաշվով հաղթեց ամերիկացի Զակ Էլամին։ Մրցաշարում հաղթանակներ տարան նաև օլիմպիական չեմպիոն Հելեն Մարուլիսը, Անաստասիա Նիկիտան, Ռազամբեկ Ժամալովը, Բրոք Հարդին և մի շարք այլ անվանի մարզիկներ։ԱՄՆ-ից դուրս անցկացված առաջին Real American Freestyle մրցաշարը նշանակալի իրադարձություն դարձավ Վրաստանի մարզական կյանքի համար՝ մեկ հարթակում համախմբելով աշխարհի ուժեղագույն ըմբիշներին և ևս մեկ անգամ հաստատելով, որ Վրաստանը պատրաստ է ընդունել միջազգային բարձրակարգ մարզական մրցաշարեր։
Աղբյուրը՝ vectornews.ge-ի