կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 20:50
Աշխարհ

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Ատլանտյան օվկիանոսի վրա արդեն ձևավորվել է շոգի նոր ալիք, Պորտուգալիայում և Իսպանիայի հարավում սպասվում է մինչև 43°C ջերմաստիճան, Ֆրանսիան և Բենիլյուքսի երկրները պատրաստվում են շոգի հերթական ալիքին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտնել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ շոգի նոր ալիքին։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Հանս Կլյուգեի խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրների նույնիսկ կեսը չունի ծրագրեր՝ ուղղված ծայրահեղ շոգի պայմաններում առողջությանը սպառնացող ռիսկերի մեղմմանը։ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա նման ծրագրեր, և որ դրանք պետք է ներառեն օդերևութաբանական վաղ նախազգուշացումներ, աշխատանք բարձր ռիսկի խմբերի հետ, ինչպես նաև համակարգում առողջապահության, աշխատանքի անվտանգության, սոցիալական ծառայությունների, բնակարանային ապահովման և քաղաքաշինության ոլորտի գերատեսչությունների միջև։

«Այն երկրներում, որտեղ նման ծրագրերն արդյունավետ են գործում, նախապես հայտնի է, թե ով ինչի համար է պատասխանատու, բնակչության որ խմբերն են առավել մեծ ռիսկի ենթակա, և թե ջերմաստիճանի որ շեմերի դեպքում են գործարկվում արձագանքման կոնկրետ մակարդակները», - ասել է Կլյուգեն։