կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 12:35
Աշխարհ

Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի

Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանցիները չեն վախենում սպառնալիքներից, իսկ դրանց շարունակման դեպքում ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։ Այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միավորվել են՝ պատվելու մեծն այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությունը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն վախենա որևէ սպառնալիքից», – գրել է Արաղչին։

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ շարունակվում են սպառնալիքները։ Հարգեք ձեր ստորագրությունը», – հավելել է նախարարը։

Հուլիսի 6-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացում էր արել Թեհրանին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է շատ կարճ ժամանակում լիովին ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքը, եթե դիվանագիտական համաձայնագիր ձեռք չբերվի։

«Մենք այսպես թե այնպես հաղթելու ենք։ Մենք համաձայնագիր կկնքենք կամ գործն ավարտին կհասցնենք։ Իսկ գործն ավարտին հասցնելը բարդ չի լինի։ Ես կնախընտրեի գործարք կնքել, որովհետև չեմ ուզում ազդել 91 միլիոն մարդու վրա։ Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց կամուրջները։ Մենք կարող ենք խափանել նրանց էներգամատակարարումը, կարող ենք ոչնչացնել նրանց էլեկտրաէներգիա արտադրող կայանները։ Կարող եմ ասել, որ կեսօրվա մի փոքր հատվածում բոլոր կայանները կոչնչանան։ Եվ նրանք դա գիտեն», – Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել Fox News-ը։