|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և պարտավորություններ է ունեցել պաշտոնյան պետական տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում։
Համբարձում Մաթևոսյանը մասնագիտական գործունեությունը սկսել է արտերկրում։ 2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող, 2013-2014 թվականներին՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ Եվրոպական շուկայի պատասխանատու, իսկ 2013-2015 թվականներին եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական։ 2016-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդականի պաշտոնը։ 2018-2021 թվականներին եղել է Արմավիրի մարզպետ, 2021-2022 թվականներին՝ ՀՀ փոխվարչապետ, 2023-2025 թվականներին՝ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2025 թվականի հուլիսի 16-ից նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
2025 թվական
2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Համբարձում Մաթևոսյանը համասեփականության իրավունքով տնօրինում է Երևանում մեկ բնակարան։ Նա բնակարանի 1/2 բաժնեմասի սեփականատերն է, որը ձեռք է բերել 2017 թվականի մայիսի 17-ին՝ գնման եղանակով։
Նախարարը շարունակում է ունենալ «Փայտամշակ» ՓԲԸ-ի նկատմամբ 11.7 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային փոխառություն։ Տարեսկզբին դրա մնացորդը կազմել է 29 մլն 845 հազար 410 դրամ, իսկ տարեվերջին՝ 29 մլն 393 հազար 829 դրամ։ Նույն չափով՝ 29 մլն 393 հազար 829 դրամ, հայտարարագրվել է նաև բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը։
Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 1 մլն 354 հազար 203 դրամ, իսկ տարեվերջին՝ 9 մլն 291 հազար 947 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին և ավարտին կազմել են 2 մլն դրամ։
2025 թվականի ընթացքում նախարարի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 908 հազար 788 դրամ։ Դրանից 15 մլն 259 հազար 717 դրամը ստացվել է Շրջակա միջավայրի նախարարությունից՝ որպես աշխատավարձ, 6 մլն 715 հազար 800 դրամը՝ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ, իսկ 2 մլն 933 հազար 271 դրամը՝ եկամտային հարկի վերադարձի շրջանակում։
2024 թվական
2024 թվականի հայտարարագիրը ներկայացնելու պահին Համբարձում Մաթևոսյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Տարվա սկզբի և ավարտի դրությամբ նա շարունակել է ունենալ Երևանի բնակարանի 1/2 բաժնային սեփականությունը, որը ձեռք է բերել 2017 թվականի մայիսի 17-ին։ Տարվա ընթացքում անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։
Հայտարարագրվել է «Փայտամշակ» ՓԲԸ-ի նկատմամբ 11.7 տոկոս տոկոսադրույքով փոխառությունը, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 29 մլն 845 հազար 410 դրամ։
Բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է 2 մլն 955 հազար 948 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 354 հազար 203 դրամ։
Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին հայտարարագրվել էր 20 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն դրամ, իսկ տարվա վերջում դրանք փոխարինվել են 2 մլն դրամ կանխիկով։
2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 193 հազար 100 դրամ, որից 9 մլն 517 հազար 412 դրամը՝ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ, իսկ 675 հազար 688 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։
Հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը տարվա վերջում կազմել է 29 մլն 845 հազար 410 դրամ։
2023 թվական
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրով Համբարձում Մաթևոսյանի բանկային հաշվում առկա է եղել 4 մլն 425 հազար 828 դրամ։
Բացի այդ, պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրվել է 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար կանխիկ միջոց։
2022 թվական (պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր)
Փոխվարչապետի պաշտոնը թողնելու օրվա հայտարարագրով Համբարձում Մաթևոսյանի բանկային հաշիվներում ունեցել է 4 մլն 76 հազար 219 դրամ։
Կանխիկ միջոցները կազմել են 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Եկամուտների համաձայն՝ ՀՀ կառավարությունից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 21 մլն 306 հազար 644 դրամ։
2021 թվական
2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 3 մլն 337 հազար 689 դրամ, իսկ տարեվերջին՝ 7 մլն 125 հազար 391 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 3 մլն 800 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 5 մլն դրամ և նույն՝ 20 հազար ԱՄՆ դոլարը։
2021 թվականի ընթացքում Համբարձում Մաթևոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 15 մլն 490 հազար 428 դրամ։ Դրանից 12 մլն 780 հազար 91 դրամը ստացել է Արմավիրի մարզպետարանից, իսկ 2 մլն 710 հազար 337 դրամը՝ ՀՀ կառավարությունից՝ աշխատանքի վարձատրության տեսքով»։