Միասին կարող ենք
կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-23 17:13
Հասարակություն

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի համաձայնագրով տվյալների փոխանակում չի նախատեսվում

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի համաձայնագրով տվյալների փոխանակում չի նախատեսվում

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև նախօրեին ստորագրված համաձայնագրով՝ հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետի մատակարարում է իրականացնելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որն ազգային անվտանգությանն առնչվող որևէ ռիսկ չի առաջացնում։

Փարատելով գործարքի վերաբերյալ Հայաստանի հանրության մտահոգությունները՝ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

- Ադրբեջանի ո՞ր հատվածին է նախատեսվում ինտերնետ տրաֆիկ ապահովել ստորագրված պայմանագրով և ի՞նչ ծավալի կամ հզորության տրաֆիկի մասին է խոսքը։

Ապահովում ենք տրաֆիկի տարանցում Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Այսինքն՝ Team Telecom Armenia-ն ինտերնետ տրաֆիկ է վաճառելու Ադրբեջանին: Հարկ է նշել, որ միջազգային կապուղիները գործում են որպես փոխլրացնող երթուղիներ։ Ժամանակակից հեռահաղորդակցական ցանցերում տրաֆիկը կարող է փոխանցվել տարբեր ուղղություններով՝ կախված տեխնիկական և օպերացիոն պայմաններից։

Նոր միացումները ընդլայնում են հասանելի հնարավորությունները և մեծացնում ցանցի ճկունությունը։ Տրանզիտ ծառայությունների տրամադրման համար ցանցերը միմյանց հետ պետք է ունենան ֆիզիկական համակցում սարքավորումների, մալուխների մակարդակով։

Սա ինտերնետ ծառայություն չէ, տվյալների տրանզիտի ծառայություն է, որը իրականացվում է կետից կետ՝ DWDM տեխնոլոգիայով: Ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։

- Գործարքը չունի՞ ազգային անվտանգությանն առնչվող ռիսկեր։

- Ինտերնետն այնպես է աշխատում, որ աշխարհում գործող բոլոր հանգույցները իրար հետ կապ ունեն։ Այս համագործակցությունը չի նախատեսում երկրների միջև տվյալների փոխանակում, սա պարզապես ինտերնետի տրանզիտի պայմանագիր է:

Քանի որ ինտերնետ տրաֆիկի վաճառքը հիմնականում իրականացվելու է «Տելեկոմ Արմենիա»-ից՝ դիմացի կողմի համար պոտենցիալ ռիսկերն ավելի բարձր են: Հեռահաղորդակցական ենթակառուցվածքների նախագծման և շահագործման ընթացքում անվտանգության պահանջները մշտապես առաջնահերթություն են: Նոր կապուղիների ստեղծման նպատակն է բարձրացնել ցանցի դիմակայունությունը և նվազեցնել կախվածությունը առանձին ուղղություններից՝ ապահովելով ավելի բազմազան և կայուն ենթակառուցվածք։

- Կարելի՞ է ասել, որ սա զուտ բիզնես գործարք է, որում հայկական կողմի շահը բացառապես ֆինանսական է։

- Այո, բիզնես գործարք է, համաձայնագիրը կոմերցիոն հիմունքներով է: Միաժամանակ, ավելի մեծ միջազգային թողունակությունը և լրացուցիչ երթուղիները նպաստում են ծառայությունների ավելի բարձր կայունությանը, ցանցի կայունությանը և միջազգային կապի որակի բարելավմանը։

- Արդյո՞ք համաձայնագիրը կարելի է դիտարկել TRIPP-ի տրամաբանության ներքո։

- Ոչ, այս համագործակցությունը բացառապես երկու մասնավոր ընկերությունների միջև պայմանավորվածություն է, և որևէ փոխկապակցվածություն չունի ո՛չ TRIPP-ի, ո՛չ էլ միջպետական այլ նախագծերի հետ։ Այս նախագծով մենք ամրապնդում ենք Հայաստանի դերը որպես տարածաշրջանում ինտերնետի տարանցման երկիր՝ վաճառելով տրաֆիկ նաև Ադրբեջանին:

Սա բացառապես հեռահաղորդակցային և ենթակառուցվածքային նախագիծ է, որի նպատակն է բարձրացնել ցանցի կայունությունը, ընդլայնել միջազգային կապուղիները և ստեղծել լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի թվային տնտեսության զարգացման համար։

Մենք այժմ էլ Հայաստանից դեպի արտերկիր տրանզիտ ինտերնետ կապի խոշորագույն մատակարարն ենք։ Սրանով դառնում ենք Կովկասում և Մերձավոր Արևելքում տրանզիտային ինտերնետ տրաֆիկի խոշորագույն երեք մատակարարներից մեկը:

Համաձայնագրի շրջանակներում պարզապես ընդլայնում ենք համաշխարհային ինտերնետ ցանցի գլոբալ հանգույցներին միանալու այլընտրանքային հնարավորությունները, ինչպես նաև սկսում ենք ծառայություններ վաճառել Ադրբեջանին։

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։

Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։