|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ «Օրանժ Արմենիա», «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» ընկերությունները դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն:
Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա, ինչպես նշվեց հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ, հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:
Մասնավորապես` ՏՄՊՊՀ-ի կողմից պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձելու վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել: ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի` ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում` ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում, մոդեմը ձեռք բերելիս նրանք տեղեկացված չեն այս պայմանների մասին:
ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում նաև այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է: Արդյունքում` դրանք ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ իրենց կողմից որևէ ծառայություն չի մատուցվել:
«Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է»,- նշում է ՏՄՊՊՀ-ն:
Հանձնաժողովի որոշմամբ' «Օրանժ Արմենիա», «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: