Միասին կարող ենք
կարևոր
1333 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-19 11:59
Հասարակություն

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանը: Այս մասին տեղեկանում ենք մտավորական Վրեժ Սարուխանյանի էջից:

«Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բացառիկ մի անհատականություն՝ նվիրյալ մշակութաբան, վաստակած ու սիրված ժուռնալիստ, հրապարակախոս, Աշնակի արժանապատիվ դուստր Ռիտա Շառոյանը։ Նա աշխատել է Գառնիի դպրոցում, «Սովետական Հայաստան» թերթում, Ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության հայաստանյան ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն․․․ Ռիտայի իսկական կենսագրությունը միայն թվերն ու փաստերը չեն, այլ իր ժողովրդի ու սեփական տագնապներով ապրած և դեռ 70-ը չբոլորած, բայց Հայրենիքին նվիրումի անսահման անանձնական կյանքն ու ամենազոր ժամանակը։

Մեր ժողովրդի հոգևոր արժեքները ներկայացնելու ազգօգուտ գործունեություն ծավալեց։ Այսօր և միշտ Հայոց մշակույթի ոսկե ֆոնդում են Ռիտա Շառոյանի հեղինակային «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի տասնյակ գանձերը։ Իր խոստովանությամբ՝ «Նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա գանձերին»։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանի բացառիկ հարցազրույցները տիեզերքի գաղտնիքների տիրակալ Գրիգոր Գուրզադյանի և տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի հետ բացառիկ հարցազրույցներն ու այլ հրապարակումները դասագրքային արժեք են ժուռնալիստների համար։ Նա արժանացել է բազում պարգևների, բայց ամենաարժեքավորը իրեն ճանաչողների սերն ու ապրեցնող ջերմ հուշերն են։

Հ․Գ․ Հոգեհանգիստը կլինի հունիսի 19-ին ժամը 17-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն տեղից ժամը 13։00-ին»։