Միասին կարող ենք
կարևոր
283 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 19:36
Սպորտ

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված է.

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:

Նախ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին, ինչն աննախադեպ արդյունք էր հայկական սպորտի համար: Այն հպարտությունը, որ մեր երկիրը վերջապես եվրոպական առաջատարների հետ նույն շարքում է, ինչպես նաև այդ օրերին ապրածս հուզմունքն ու էմոցիաները, մաղթում եմ բոլոր մարզասերներին:

Ապա տեղի ունեցավ էլ ավելի կարևոր ու շատերի համար անհավանական մի իրադարձություն. մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին:

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս համատեղ աշխատանքի համար։ Արձանագրելով, որ եղել են թե՛ հաջողություններ և թե՛ ձախողումներ՝ հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շատ դեպքերում հաշտ չեմ եղել կայացված որոշումների հետ, բայց մշտապես առաջնորդվել եմ հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը: Կարող եմ փաստել, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները, և սա արդեն անշրջելի իրողություն է: Վստահ եմ՝ մոտ ապագայում կտեսնենք նաև ազգային հավաքականի վերելքը, ինչի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Մեր երկրին ցանկանում եմ ամուր ու անսասան խաղաղություն, իսկ հայկական սպորտին ու ֆուտբոլին՝ նորանոր հաղթանակներ:

Սիրով՝ Արմեն Նիկողոսյան»: