Միասին կարող ենք
կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 09:45
Քաղաքական

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ին կայացան ԱԺ հերթական ընտրություններ: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները: Հասկանալի է, որ ընտրություններին կհետևեն որոշակի գործընթացներ: Այդուամենայնիվ, տեսնենք, թե ինչ ընթացակարգ է սահմանված օրենսդրությամբ հետագա օրերի համար:

Եվ այսպես, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էր ներկայացվել կա՛մ երեկ մինչև ժամը 18.00-ն (ԲՀԿ-ն արդեն իսկ մի շարք խայտառակ փաստեր ունի ու վերահաշվարկ է պահանջել, և, հաշվի առնելով քվեների տվյալների մուտքագրման և, ընդհանրապես, ընտրությունների արդարության հետ կապված շատ մեծ կասկածները՝ ամենայն հավանականությամբ, կարող են լինել բազմաթիվ դիմումներ), կա՛մ այսօր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Նույնը վերաբերում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումին: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սահմանված ժամկետից՝ հունիսի 14-ից առնվազն 2 օր առաջ (12 հունիսի) մինչև ժամը 18.00-ն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են այսօր ժամը 14:00-ից և ավարտվելու են հունիսի 12-ին ժամը 14:00-ին:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է, ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է հունիսի 14-ին:

Ի վերջո, հունիսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է նորընտիր ԱԺ առաջին նիստին, ապա օրենսդրությամբ այն պետք է լինի օգոստոսի 2-ին: