Միասին կարող ենք
կարևոր
1075 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 17:18
Քաղաքական

Համակարգված ջնջում է Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը. Զախարովան մեղադրել է Երևանին

Համակարգված ջնջում է Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը. Զախարովան մեղադրել է Երևանին

Երևանը վերջին շրջանում ԱՊՀ նախագծերից և փաստաթղթերից համակարգված կերպով ջնջում է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, որ Հայաստանում դեռևս չեն հրաժարվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեծ Հայրենականի զոհերի հուշարձաննապամոնտաժելու պլաններից, գրում է Սպուտնիկ Արմենիան։

«Եվս մեկ խոսուն լրացում. Երևանը վերջերս համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից ջնջում է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը։ Հայաստանի ժողովուրդը տեղյակ է իր ղեկավարության նման քաղաքականությունից», – հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հուշարձանի հետ կապված իրավիճակը վկայում է ավելի վտանգավոր միտման մասին, որը, ըստ նրա, կարելի է բնութագրել որպես պատմական հիշողության լայնամասշտաբ վերախմբագրում։

Զախարովան նշել է, որ անցյալ տարի Հայաստանի պետական հեռուստատեսությամբ «հնչել են նացիզմն արդարացնող հայտարարություններ»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այն ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել Ռուսաստանին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա` խոստանալով պարզել կատարվածը։

«Ոչ մի արձագանք այդպես էլ չհետևեց։ Այդ ժամանակ մենք հասկացանք, որ ոչ ոք չի պատրաստվում որևէ բան պարզել։ Այնուհետև նեոնացիզմը հասավ Երևան՝ ի դեմս Զելենսկու. հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց իր նախնիների հիշատակը և Հայաստանի մայրաքաղաքից սպառնալիքներ տեղաց՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքերթի ժամանակ հարված հասցնել Կարմիր հրապարակին», — ասել է Զախարովան։

Մեկնաբանելով Արթիկի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ մինչ օրս հստակություն չկա՝ խոսքը հուշարձանի ամբողջական ապամոնտաժմա՞ն , թե՞ այլ վայր տեղափոխելու մասին է, ինչպես նախկինում պնդում էին Երևանի ներկայացուցիչները։

Զախարովայի խոսքով՝ նման պլանները հայկական հասարակության շրջանում հակազդեցություն են առաջացնում՝ չնայած Հայաստանի իշխանությունների լռությանը։ Նա ընդգծել է, որ, եթե խոսքն իրոք հուշարձանի ապամոնտաժման մասին է՝ առանց տեղափոխման, ապա դա սրբապղծություն է։