Միասին կարող ենք
կարևոր
619 դիտում, 43 րոպե առաջ - 2026-05-28 10:33
Հասարակություն

Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը վերընտրվելու համար․ Թրամփ

Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը վերընտրվելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի մայիսի 27-ին՝ ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 18:54-ին, աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Նախագահ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում կատարել է հետևյալ գրառումը․
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ բարեկամ և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ վերաբերյալ իմ տեսլականը։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հենց նոր այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի շարք կարևոր համաձայնություններ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կմեկնարկեն Թրամփի անվան Խաղաղության և Բարգավաճման Միջազգային Ուղու (TRIPP) շինարարությունը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ հասանելիություն ստանալ։ Այս պատճառներով Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրության համար։ Նիկոլի աջակցությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների։ Հայաստանը կրկին մեծ դարձրե՛ք — MAGA։
Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այս թեմայով գրում է․

«Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը

Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։

Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։

Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր (endorse) ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի։

Ի դեպ, Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը, ըստ նրա ներկայացման, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում»։