|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Աշխարհում շուրջ 800 միլիոն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ, որը հղված էր Պեկինում մեկնարկած Աղքատության կրճատման և զարգացման գլոբալ համաժողովի մասնակիցներին։
«Մոտ 800 միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, դեռևս ապրում են ծայրահեղ աղքատության մեջ՝ սկսած հեռավոր գյուղական բնակավայրերից մինչև խիտ բնակեցված քաղաքային թաղամասեր»,- ասվում է ուղերձում, որը համաժողովի ընթացքում ընթերցել է Չինաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Սթիվեն Ջեքսոնը։
Գուտերեշի գնահատմամբ՝ այդ մարդկանց վիճակն առավել ծանր է դառնում զինված հակամարտությունների, կլիմայական փոփոխությունների, աճող անհավասարության և պարտքային բեռի հետևանքով։ Նա կառավարություններին կոչ է արել ներդրումներ ուղղել արժանապատիվ աշխատանքի ապահովման, որակյալ կրթության և առողջապահության զարգացման, գյուղական համայնքների կայուն առաջընթացի, ինչպես նաև համընդհանուր սոցիալական պաշտպանության համակարգերի ձևավորման ուղղությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը՝ այն առավել արդար և արդյունավետ դարձնելու նպատակով։