|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները շնորհավորել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ ծննդյան օրվա առիթով.
«Սիրելի Սրբազան Հայր՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան,
այսօր, Ձեր ծննդյան 55-ամյակի օրը, մենք՝ նահատակված զինվորների ծնողներս, խոնարհումով ու որդիական սիրով ցանկանում ենք ասել՝ շնորհակալություն։ Շնորհակալություն՝ այն օրերի համար, երբ մեր տղաները դիրքերում էին, իսկ Դուք՝ նրանց կողքին։ Երբ նրանց համար ոչ միայն աղոթող հոգևորական էիք, այլ նաև ուժ, հավատ ու հայրական ներկայություն։
Շնորհակալություն նաև ամենածանր օրերից հետո մեզ մենակ չթողնելու համար։ Երբ մեր կյանքը բաժանվեց «մինչև» ու «հետո»-ի, Դուք եկաք՝ ոչ թե պարզապես ցավակցելու, այլ մեր կոտրված հոգիներին հույս վերադարձնելու։ Դուք կարողացաք մեզ հիշեցնել, որ մեր որդիների լույսը չի մարել, և որ ապրելու իմաստը դեռ կա՝ հանուն նրանց հիշատակի, հանուն հայրենիքի, հանուն արդարության։Դուք դարձաք այն հոգևոր առաջնորդը, ով չլռեց չարիքի առաջ։ Ով իր վրա վերցրեց պայքարի ծանր խաչը՝ հանուն ճշմարտության, հանուն արժանապատիվ Հայաստանի, հանուն մեր ժողովրդի հարատևման։
Մեզ համար Դուք միայն հոգևորական չեք։ Դուք մեր որդիների ցավը կրող մարդ եք, մեր արցունքների ականատեսը, մեր կորստի հետ ապրողը։ Եվ հենց այդ պատճառով Ձեր խոսքը հասնում է սրտին, որովհետև այն ծնված է սիրուց, հավատից ու պատասխանատվությունից։
Թող Աստված Ձեզ առողջություն, անսպառ ուժ և երկար տարիների ծառայություն պարգևի։ Թող Ձեր ճանապարհը միշտ լուսավորվի այն տղաների լույսով, որոնց հիշատակը Դուք պատվով կրում եք Ձեր սրտում։
Շատ շուտով սպասում ենք Ձեզ և մյուս արդարներին լիակատար ազատության մեջ, Սրբազան պայքարի ազնիվ և արդար նպատակների իրականացման ձգտումով։
Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Սրբազան։ Հայ զինվորի ծնողները միշտ Ձեզ հետ են՝ աղոթքով, հավատով ու երախտագիտությամբ»։