|
Փոխարժեքներ
03 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:
Տիկին Ինգա Ռուգինիենեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև տիկին Ինգա Ռուգինիենեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը: