Միասին կարող ենք
կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 12:29
Հասարակություն

Թուրքական իշխանություններն այս տարի էլ են արգելել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ կազմակերպել

Թուրքական իշխանություններն այս տարի էլ են արգելել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ կազմակերպել

Թուրքիայում գործող «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը», որը նախկին տարիներին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ էր կազմակերպել Ստամբուլի տարբեր թաղամասերում, այս տարի ևս դիմումով է հանդես եկել, որպեսզի ապրիլի 24-ին, ժամը 19։00-ին ոգեկոչման միջոցառում կազմակերպի Քադըքյոյ (Քաղկեդոն) շրջանի Սյուրեյա օպերայի առջև։ Սակայն, վերջին 4 տարիների նման, այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել հիշատակի արարողություն կազմակերպել։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ հիմնվելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում տեղ գտած հրապարակման վրա։

Աղբյուրի համաձայն՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․

 «Ապրիլի 24-ի հիշատակը հարգելը ժողովրդավարական իրավունք է․․․

2010 թվականից մինչև համավարակ՝ բազմաթիվ քաղաքներում, գլխավորապես՝ Ստամբուլում ապրիլքսանչորսյան հիշատակի արարողություններ ենք կազմակերպել, որն սկսել են արգելել համավարակի տարածման ժամանակ։

Այս տարի նույնպես Ստամբուլի նահանգապետարան ներակայացրեցինք Ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կազմակերպելու մասին մեր խնդրագիրը և աշխատանքներ սկսեցինք այն միջոցառումների համար, որոնց ժամանակ կոչ ենք անում սգալ 1915 թ․ իրենց կյանքը կորցրած մարդկանց հիշատակի համար և առերեսվել դրա հետ։ 

Նահանգապետարանն այս տարի ևս արգելեց մեր միջոցառումը։ Մենք շարունակելու ենք պնդել, որ այն տեղի ունենա։ Որևէ բացատրություն չկա, թե ինչու են սկսել առանց որևէ մեկնաբանության արգելել մինչև 4 տարի առաջ հրապարակներում կատարված այդ արարողությունները։

Ապրիլքսանչորսյան հիշատակի արարողությունները թե՛ հարթակ են, որտեղ ցույց ենք տալիս, որ չենք մոռացել սպանված հարյուր հազարավոր մարդկանց հիշատակի հանդեպ հարգանքը և թե՛ ուղերձ՝ ուղված ներկային, այսօր ապրողներին։

Ժողովրդավարության զարգացման մեջ, համատեղ գոյակցելու մշակույթի ձևավորման հարցում, բռնության և ատելության խոսքի վերացման գործում ձեռնարկված ամենակարևոր քայլը ապրիլի 24-ին մեր կորցրածը, մարդկանց, մշակույթը և ավանդույթները հիշեցնելն է, ցույց տալը, որ չենք մոռացել դրանց մասին և առերեսվելը այդ ամենի հետ։ Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում այն փաստի նկատմամբ, որ այդ հիշատակի արարողություններն արգելվել են, և այդ որոշումը կայացնողներին կոչ անում՝ վերանայել այն»։

Հիշեցնենք, որ այդ հիշատակի արարողությունները անընդմեջ իրականացվել են 2010-2019 թթ․։ Առաջին անգամ այն կազմակերպվել էր Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում։

https://www.agos.com.tr/tr/haber/24-nisan-anmasi-bu-yil-da-yasaklandi-40200

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net