Միասին կարող ենք
կարևոր
1318 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-14 17:58
Տարածաշրջան

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով կրած վնասների մասին

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով կրած վնասների մասին

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների վնասը գնահատում է 270 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Նախնական և շատ հակիրճ տվյալներով վնասը մինչև այժմ կազմում է 270 միլիարդ դոլար», - ասել է նա։

Մոհաջերանիի խոսքով՝ կառավարության տնտեսական բլոկն ավելի ճշգրիտ թվեր կորոշի բազմափուլ գործընթացի միջոցով։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական փոխհատուցման հարցն Իրանի բանակցային թիմի կողմից քննարկվող թեմաներից մեկն է։ Հարցը մասնավորապես քննարկվել է Իսլամաբադում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։

«Մենք անպայման կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքներն իրավական միջոցներով, այդ թվում՝ Մինաբի դպրոցում մեր մտերիմների արյունահեղության համար փոխհատուցում ստանալով», - ասել է Մոհաջերանին։

Իր հերթին, France 24-ը հաղորդում է, որ ըստ Իրանի իշխանությունների՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով երկրում սպանվել է ավելի քան 3000 մարդ, իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ մինչև 3,2 միլիոն մարդ տեղահանվել է։

Ապրիլի 11-ին Իրանը և Միացյալ Նահանգները բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Երկու կողմն էլ ավելի ուշ հայտնել են, որ մի շարք տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջխաղացման հեռանկարներն անորոշ են։ Սպիտակ տունը հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառելու մտադրության մասին։