Միասին կարող ենք
կարևոր
1015 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-13 09:57
Աշխարհ

Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում

Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում

Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներով։ Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսի մշակումից հետո «Տիսա» կուսակցությունը ստանում է 199 մանդատից 138-ը, ինչը նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, կունենա սահմանադրական մեծամասնություն:

Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը բաժին է հասնում 54 մանդատ: Եվս վեցը ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» կուսակցությունն է (Mi Hazánk)։ Խորհրդարան անցնելու համար Հունգարիայում կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Վերջնական ձայների հաշվարկին չսպասելով՝ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ արդեն շնորհավորել է Մադյարիին հաղթանակի կապակցությամբ։

Ելույթ ունենալով երկուշաբթի գիշերը Բուդապեշտի կենտրոնում կողմնակիցների հաղթական հանրահավաքում՝ Մադյարը ամբոխի հավանության բացականչությունների ներքո հայտարարել է. «մենք դա արեցինք»:

Նրա խոսքով՝ «Տիսան» և Հունգարիան միասին հաղթեցին այս ընտրություններում։ «Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը»,-հայտարարել է Մադյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի։

Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել: Իսկապես, ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ հայտնի դարձավ, որ ընտրություններին ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել՝ 74,23 տոկոս։