Միասին կարող ենք
կարևոր
1231 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 18:10
Հասարակություն

Շիրակի մարզում վթարից մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են

Շիրակի մարզում վթարից մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Ինչպես հայտնում է shamshayn.com–ը, պարզվել է այսօրվա ողբերգական ավտովթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը։

 BMW-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Էլամիր Խ.-ն։ 

Վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են։ 

BMW-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի մասնակից են եղել 11 քաղաքացի, որոնցից 6–ը մահացել են։

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան:

Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին փոխանցել են, որ այս պահին միայն մեկ չափահաս հիվանդ է մնում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: