Միասին կարող ենք
կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-08 20:28
Քաղաքական Տարածաշրջան

Թեհրանը նույնիսկ զինադադարի պայմաններում քարտ-բլանշ է ստանում TRIPP-ի ենթակառուցվածքներին հակազդելու համար. քաղաքագետ

Թեհրանը նույնիսկ զինադադարի պայմաններում քարտ-բլանշ է ստանում TRIPP-ի ենթակառուցվածքներին հակազդելու համար. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրել է.

«R.I.P. TRIPP

TRIPP նախագիծն իր հիմքում նպատակաուղղված է տարածաշրջանային ազդեցության քարտեզի արմատական վերաձևմանը՝ Հարավային Կովկասից ռուսական ներկայության դուրսմղմանը և Իրանի շուրջ յուրօրինակ «սանիտարական միջանցքի» ստեղծմանը՝ հիմնված «թյուրքական աշխարհի» ենթակառուցվածքների վրա: Սակայն Իրանի դեմ պատերազմը, իսկ այնուհետև ԱՄՆ-ի և Իրանի միջև անսպասելի զինադադարը, հիմնովին փոխեցին իրավիճակը:

Իրանում ներկայիս իշխանական ուղղահայացի պահպանման դեպքում TRIPP նախագիծը ճնշման գործիքից վերածվում է պոտենցիալ թիրախի: Նախորդող ռազմական ագրեսիայի պատճառով կորցնելով զսպող գործոններն ու «կարմիր գծերը»՝ պաշտոնական Թեհրանը նույնիսկ զինադադարի պայմաններում քարտ-բլանշ է ստանում TRIPP-ի ենթակառուցվածքներին ուղղակիորեն հակազդելու համար: Սա ցանկացած ներդրում այս երթուղու մեջ դարձնում է չափազանց ռիսկային:

Եթե Թեհրանում ռեժիմի փոփոխության հիպոթետիկ սցենարն աշխատի, և Իրանը դառնա «եվրասիական Վենեսուելա», ապա Իսլամական Հանրապետությունում արևմտամետ իշխանության դեպքում TRIPP-ը կդառնա երկրորդական: Ամբողջ Իրանի նկատմամբ ուղղակի վերահսկողության հաստատումը կվերացնի Հայաստանի միջոցով մեկուսացման բարդ շրջանցիկ ուղիներ կառուցելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, TRIPP նախագծի ճակատագիրն անխզելիորեն կապված է իրանական քաղաքական դիզայնի կայունության հետ. կա՛մ նախագիծը կորցնում է իր իմաստը պահպանված ռեժիմի զսպման անարդյունավետության պատճառով, կա՛մ այն դառնում է անպետք փխրուն խաղաղության կամ Իրանի՝ արևմտյան ազդեցության գոտու մեջ լիակատար կլանման պայմաններում»: