|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Փետրվարի 9-11-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն Հայաստանի միասնական տաղավարով մասնակցել է «Wine Paris 2026» գինեգործական ցուցահանդեսին: 23 մասնակցների թվում ներկայացված է եղել նաև «Վայն ֆորմուլա» ընկերությունը HOVAZ ապրանքանիշով:
Yerkir.am-ը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ուղարկել էր հետևալ հարցերը՝ 1. որքա՞ն գումար է ծախսվել պետության կողմից ՀՀ մասնակցության համար, 2. «Վայն ֆորմուլա» ՍՊԸ հետ ունի՞ արդյոք առնչություն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը կամ նրա ամուսինը՝ Վահագն Ոսկանյանը, 3. առնչության դեպքում, որպես նախարար, ի՞նչ ռիսկեր եք տեսնում:
Նշենք նաև, որ մամուլում առկա են հրապարակումներ նախկինում, մասնավորապես, 2021 թ. Մոսկվայում կայացած Պրոդէքսպո ցուցահանդեսին ՀՀ բյուջեի հաշվին կառուցված միասնական տաղավարում «Վայն ֆորմուլա» և «Շիրակամուտ» ընկերությունների մասնակցության մասին:
«Շիրակամուտ» ընկերությունը ևս կապվում է Զ. Մուրադյանի կամ նրա ամուսնու անվան հետ: Ընդ որում` սույն երկու ընկերությունների ֆեյսբուքյան էջերում նշված է նույն հասցեն՝ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3:
Օրերս Yerkir.am-ը ստացել է էկոնոմիկայի նախարարության պատասխանը:
Նախարարությունը նշել է, որ ցուցահանդեսի համար ծախսվել է ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ գումար (պետություն, մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ): Ստացվում է, որ յուրաքանչյուր մասնակցի հաշվով միջինացված ծախսվել է 2 միլիոն 608 հազար դրամ:
Նախարարությունը նշել է նաև, որ «Վայն ֆորմուլա» ընկերությունը հիմնադրամին տրամադրել է 1 634 000 դրամ:
Նախարարությունը հաստատել է, որ Զ. Մուրադյանի ամուսնուն է պատկանում «Վայն ֆորմուլա» ՍՊԸ 25 տոկոս մասնաբաժինը:
Նախարարությունը տեղեկացրել է, որ «Շիրակամուտ» ՍՊԸ-ն 2021 թվականից չի հանդիսանում Հիմնադրամի շահառու և Հիմնադրամի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցություն չի ունեցել։
Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետև «Շիրակամուտ» ՍՊԸ-ն (Զառա վայն բրենդով) 2021 թ. հիմնադրամի ֆինասավորմամբ Մոսկվայում մասնակցել է «Պրոդեքսպո» ցուցահանդեսին:
Ի դեպ, այդ ժամանակ ընկերության սեփականատերը եղել է Զ. Մուրադյանի ամուսինը, իսկ այժմ դուստրն է:
Ռիսկերի մասով էկոնոմիկայի նախարարը խնդիրներ չի տեսել: Մնացածը թողնում ենք ընթերցողի դատին: