|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
Հաղթանակ վարչական և վերաքննիչ վարչական դատարաններում. Վերականգնվեց բռնի տեղահանված ընտանիքի սոցիալական աջակցության շահառու ճանաչվելու իրավունքը։ Այս մասին գրել է արցախցի փաստաբան Անուշ Շահրամանյանը։
«Վճիռը կատարվեց. սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընտանիքի բոլոր անդամներին փոխանցվեցին 40+10 հազար դրամ աջակցության գումարները՝ ամբողջությամբ։
2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված Լ.Հ.-ն, Ե.Հ-ն և նրանց անչափահաս երեխաները հայտնվեցին դժվարին իրավիճակում։ Չնայած պետության կողմից սահմանված աջակցության ծրագրին, ընտանիքը չէր ստանում ամսական 40 000 + 10 000 դրամ չափով սոցիալական օգնությունը։ Պատճառը վարչական մարմնի մեկնաբանությունն էր՝ ընտանիքն ունի սեփականություն Հայաստանում, ուստի չի կարող համարվել ծրագրի շահառու։
Ընտանիքը դիմեց ՀՀ փաստաբանների պալատ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Պալատի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրին։
Որպես Ծրագրի Փաստաբան ստանձնեցի ընտանիքի իրավունքների պաշտպանությունը և ներկայացրեցի հայցադիմում վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ճանաչել աջակցության ծրագրի շահառու դիմողներին ու տրամադրել չվճարված գումարները (սկսած 2023 թվականի հոկտեմբերից)՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետով սահմանված 50 000 դրամ չափով։
Հիմնավորումը հետևյալն էր. բնակարանը ձեռք էր բերվել ամուսնությունից հետո և համարվում էր համատեղ սեփականություն։ Այդ դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սեփականության մակերեսը չի գերազանցում 20 քառակուսի մետրը, ուստի ընտանիքը լիովին համապատասխանում է ծրագրի շահառուի կարգավիճակին։
Առաջին ատյանի վարչական դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը։
Վարչական մարմինը բողոքարկեց վճիռը, սակայն վերաքննիչ վարչական դատարանում ևս հաղթանակ տարանք։ Առաջին ատյանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ։
Արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (Միասնական սոցիալական ծառայությունը) ամբողջությամբ կատարեց վճիռը։ Սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընտանիքի բոլոր անդամներին փոխանցվեցին բոլոր չվճարված գումարները՝ յուրաքանչյուրին ամսական 50 (40+10) հազար դրամի չափով։
Անվճար որակյալ իրավաբանական աջակցությունը հասանելի է բոլոր արցախցիներին։
Եթե դուք կամ ձեր ընտանիքը բռնի տեղահանված եք և բախվում եք նման կամ այլ իրավական խնդիրների՝ դիմեք Հայաստանի փաստաբանների պալատի «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրին, հեռ՝ 033 600 714, Զաքյան 7, 2-րդ հարկ, Փաստաբանների պալատ»,- գրել է նա։