|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները մտահոգություն են հայտնել Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ: ՇՀԿ-ն անհապաղ հայտարարություն է տարածել և հանդես է եկել քաղաքական ու դիվանագիտական կարգավորման օգտին: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը:
«ՇՀԿ անդամ պետությունները մտահոգությամբ են ընդունել Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություն է: Անցյալ տարվանից Իրանի շուրջ իրավիճակը բավականին լարված էր, իսկ փետրվարի 28-ին այն սրվեց: Ըստ էության, սկսվեց ագրեսիա մեր կազմակերպության անդամ պետություններից մեկի դեմ»,- հայտարարել է Երմեկբաևը ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
Նա նշել է, որ ՇՀԿ-ն օպերատիվ կերպով ընդունել և հրապարակել է քաղաքական հայտարարություն, որում լուրջ մտահոգություն է հայտնվում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Հայտարարության մեջ կոչ է արվում կիրառել քաղաքական և դիվանագիտական միջոցներ՝ այս հակամարտությունը և այս իրավիճակը լուծելու համար: Ընդհանուր առմամբ, ՇՀԿ-ն մշտապես և անփոփոխ կերպով հանդես է գալիս ցանկացած հակասություն միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին: Այս հայտարարության ընդունմամբ ՇՀԿ անդամ պետությունները ևս մեկ անգամ հաստատել են իրենց հավատարմությունը այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգումը, ինչպես նաև կոչ են արել անթույլատրելի համարել ուժի կիրառումը ցանկացած միջազգային իրավիճակում»,- ընդգծել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ ՇՀԿ-ում անցյալ տարվա հունվարից ի վեր ընդունվել է չորս հայտարարություն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ներկայումս ՇՀԿ-ի արձագանքման միակ գործիքակազմը նման իրավիճակներին, որոնք վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը, հենց նման քաղաքական հայտարարություններն են: Հետևաբար, ՇՀԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»,- պարզաբանել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է հարթակ տրամադրել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների համար, եթե անդամ երկրները նման որոշում կայացնեն:
«Եթե լինի անդամ պետությունների նման ցանկություն, նման որոշում, իսկ ՇՀԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ՇՀԿ-ն միշտ պատրաստ է հարթակ տրամադրել»,- ասել է նա: