|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և սատարել Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված դաշինքին։
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում նշված է.
«Հիմք ընդունելով ազգային-ազատական արժեբանական դրույթները, հենվելով ծավալած գործունեության և հրապարակված քաղաքական հայտարարությունների վրա, արժևորելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային խոսքն ու միջազգային հարթակներում կատարած հետևողական աշխատանքը՝ արձանագրում ենք:
Ա. Հայաստանի Հանրապետությունն ակնհայտ գոյութենական աղետի եզրին է՝ շարունակական տխեղծ հայրենատվության, նսեմացած ազգային ինքնագիտակցության և նպատակների, արդեն երեք տարի հայրենազրկված Արցախի, մեր ինքնության կարևորագույն վեմի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոտնահարված իրավունքների, կորսված ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի, միասնության՝ խաթարված, անարժեք, արհեստական համակարգերի տեղապտույտից այսդին: Վերոընդգծյալը՝ և ոչ միայն, արդյունք և հետևանք է տակավին իշխող խմբակի անկարող անգործության, իսկ արդեն վերջին շրջանում` ակնհայտ հանցավոր, ժողովրդավարական արժեքների հետ աղերս չունեցող գործունեության: Սեփական վերարտադրության անասնական մոլուցքը տրորել է ամենը, ինչը կարևոր է՝ ժամանակը, ինքնությունը, ազգային միասնությունը, հավատը և արժանապատվությունը:
Բ. Պատուհասած գոյաբանական աղետը մինչև գալիք համապետական ընտրությունների պաշտոնական մեկնարկը մեզնից և քաղաքական տիրույթի հանձնառու միավորներից պահանջում է հստակ մշակված, քաղաքական ճշգրիտ հաշվարկված հակազդեցության գործողություններ Հայրենիք-Սփյուռք համերաշխության պատվարի ներքո՝ համազգային համախմբման աներկբա արտահայտում, հայրենատվության հերթական արարների բացառման, արժանապատիվ խաղաղության և ստեղծարարկենարար աշխատանքի համար համաշխարհային ամբողջական ռեսուրսների ներառում, հայկական Արցախում մեր հայրենակիցների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի առաջմղում:
Գ․ Մերժելով պետականության կազմաքանդմանն ուղղված քաղաքականությունը, հետամուտ՝ հայ մարդու և հայկականության խնդիրներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է․
Չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։
Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը:
Պատասխանատու ենք և պարտական՝ հային, հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը: