|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի պարզաբանումը մամուլում շրջանառվող ապատեղեկատվության վերաբերյալ
Վերջին օրերին մամուլում տարածված հրապարակումները, որոնք փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել «Հիլլզ սպորտային համալիրի» և պետության համագործակցությունը, պարունակում են ակնհայտ ապատեղեկատվություն և խեղաթյուրված փաստեր։ Որպես մասնավոր կողմ՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
• Մեր մասնակցությունը մարզական ենթակառուցվածքների կառավարմանը հիմնված է ՀՀ կառավարության N 1238-Լ որոշմամբ հաստատված ծրագրային դրույթների վրա։ Սա ոչ թե առանձին վերցրած գործարք է, այլ պետություն-մասնավոր գործընկերության (PPP) հստակ քաղաքականություն, որի նպատակն է ներգրավել մասնագիտացված օպերատորների՝ ծառայությունների որակը բարձրացնելու համար։ Այս համագործակցության քննարկումների համար նախաձեռնվել էր բաց հրավեր ոլորտի կազմակերպություններին դեռևս 2023 թվականի դեկտեմբերից: Շուրջ երեսուն կազմակերպություն է ներգրավված եղել սկզբնական փուլում, սակայն բանակցությունների արդյունքում նախապատվությունը տրվել է մեզ՝ ավելի հետաքրքրված և ավելի գործնական լուծումներ առաջարկող կազմակերպությանը:
• Շրջանառվող թեզերը, թե պետական գույքը «նվիրաբերվում» է մասնավորին, իրականությանը չեն համապատասխանում։ Համալիրները մնում են բացառապես պետական սեփականություն։ Մենք ստանձնում ենք միայն դրանց կառավարման պատասխանատվությունը՝ ապահովելով շարունակական շահագործումը։
• Ըստ պայմանավորվածության՝ մասնավոր օպերատորի կողմից ձեռք բերված մարզասարքերը և գույքը սեփականության իրավունքով անցնում են պետությանը։ Այսինքն՝ մասնավոր հատվածը ներդնում է միջոցներ, որոնք ի վերջո հարստացնում են պետական գույքային ֆոնդը։
• «Հիլլզ սպորտային համալիրը» ոլորտում ունի տարիների փորձ և կայացած համբավ։ Մեր ներգրավվածությունը Արարատի, Եղեգնաձորի և Մարտունու մարզահամալիրներում երաշխավորում է, որ այդ կառույցները կծառայեն համայնքներին՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ և չեն վերածվի անարդյունավետ շինությունների։
• Իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, ում նկարները օգտագործել է հոդվածագիրը իր հոդվածում, շտապենք տեղեկացնել, որ որևէ կապ չունեն ոչ բիզնեսի հիմնադրման, ոչ ղեկավարման, ոչ կառավարման հետ, կարճ ասած՝ նրանք բիզնես գործունեությամբ չեն զբաղվում:
Ցավում ենք, որ պետության համար կարևոր նշանակություն ունեցող զարգացման ծրագրերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա։ «Անձնական կապերի» մասին ենթադրությունները զուրկ են փաստական հիմքերից և վնասում են գործարար միջավայրին։ Չնայած նրան, որ բիզնես տեսանկյունից մարզային գոտիներում գործունեություն ծավալելը համարվում է ռիսկային՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը՝ հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ զարգացնել սպորտային մշակույթը Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ մեզ համար ամենակարևորը հայ ազգի առողջությունն է: Քանզի հայը պիտի լինի ուժեղ, հայուհին՝ գեղեցիկ: