|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում ընդունել է ֆրանսիացի երաժիշտ, լրագրող և փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսին և ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, գրում է aparaj.am-ը։
«Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը, ինչպես նաև հանրային խորհրդի անդամներ Հերմինե Ավագյանը, Նարե Սիմոնյանը և Ալվարդ Զաքարյանը։
Հյուրերը Հայաստան են ժամանել Ուլիս Մանեսի և Հերմինե Ավագյանի համահեղինակած «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա. Ստեփանակերտ–Փարիզ» գրքի շնորհանդեսի առիթով:
Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ այս դժվար ժամանակահատվածում Արցախի թեմայի շուրջ իրականացվող գործունեության և հետևողական ուշադրության համար։
Ընդգծվել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, և կարևոր է, որպեսզի միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնվի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։
Զրուցակիցները նշել են նաև, որ ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը դեռևս արցախյան շարժման սկզբնական փուլից անդրադարձել է թեմային, շարունակել և շարունակելու է հնարավորինս հաճախ ներկայացնել ճշմարտությունը։
Իր հերթին Ուլիս Մանեսը և Ադրիեն Բրիանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու լուսաբանել Արցախի շուրջ զարգացումները և ներկայացնել առկա իրողությունները միջազգային հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։