Միասին կարող ենք
կարևոր
928 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 20:33
Հասարակություն

«Տաղարան»-ը նշում է իր 45-ամյակը

«Տաղարան»-ը նշում է իր 45-ամյակը

Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար  հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը` գեղարվեստական ղեկավար  և դիրիժոր` ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան»-ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ. շարականներ, տաղեր, հոգևոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագույն երաժշտություն:

«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ, ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։  

2026 թվականի յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու, հանդիսատեսի  համար` իր ուրույն ձեռագրով  ապահովելով մշակութային հրավառություն:

Դե իսկ սկիզբը 

1981 թվականին էր, երբ  Գրիգոր Դանիելյանը  , նույն ինքը Դանիել Երաժիշտը, հիմնեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլը` ղեկավարելով այն    մինչև 1985 թվականը: Անսամբլի անվանումը հուշել է իր ուսուցիչ` երաժշտագետ Ռոբերտ Աթայանը։ Մաեստրոն  առաջնորդվել է այն գաղափարով, որ, եթե 200-300 տարվա մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ, ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն  պետք է ունենա իր հնագույն երաժտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ  ներկայացնող և ավետող անսամբլ։ 1985 թվականին "Մելոդիա" ֆիրմայի կողմից` Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի է ունենում Շարական անսամբլի ձայնագրությունը։1986 թվականին թողարկվում է «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, խորապես կարևորելով  անսամբլի տեղը և դերը , որոշում է կայացնում անսամբլը  ընդգրկել  եկեղեցական միջոցառումների շարքում, տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմունիստական կուսակցության ղեկավարության առաջարկով  հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը անվանակոչվել է «Տաղարան», քանի որ անվանումն ուներ կրոնական ու հոգևոր բնույթ:

«Տաղարան»-ի առաքելությունն ի սկզբանե եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թվականին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թվականին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով  նոր շունչ ու որակ: Երվանդ Երկանյանը «Տաղարան»-ի համար մշակել է 350- ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք առանձնանում են բարձրաճաշակ, երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ  Երկանյանի  մշակումները առանձնահատուկ են հայ հոգևոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:

Այդ տարիներին «Տաղարան»-ը, առաջին անգամ, հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրությունը»-ը, Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերաները` համերգային ձևաչափով։ Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից` Մոսկվայում «Տաղարան»-ը ձայնագրվում ու թողարկում է ձայնասկավառակ։

1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը, այլ նաև  բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ, որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում և  տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունեություն է ծավալում` ներակայացնելով  հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունից մինչև եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն: Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է նեգրական  սպիրիչուելներ, իսպանական, ֆրանսական, իտալական, գերմանական, չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ: «Տաղարան»-ը, լինելով միակը` գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով, բարձր վարպետությամբ, մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ, միշտ բարձրակետում է: Այս անսամբլը ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ ճշմարիտ արվեստով  կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի, անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է, բայց Ս. Երկանյան մաեստրոն գիտի, որ յուրաքանչյուր ճշմարիտ  արվեստագետ ինքն է իր ուղին հարթում, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` ի շահ «Տաղարան»-ի: Մաեստրոն, հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին, կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած, կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարության եռահատորը: Նա քարտեզագրել, մշակել ու «Տաղարան»-ի երկացանկը հարստացրել է հորովելների, քոչարիների, հայկական խճանկարների, հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով:

Անսամբլը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգությունը և Հովհաննես  Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը (կոմպոզիտոր` Դ. Սաքոյան)։

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլն իր 45 տարիների կարևոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում  մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել` թողարկելով ձայնասկավառակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա և ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների։ Անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայացնելով հայկական մշակույթը, բարձր հնչեցնելով Հայաստան անունը:

Մ.Գևորգյան