Միասին կարող ենք
կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-18 19:13
Հասարակություն

Ադրբեջանցիներն ավերել են Խնածախի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանները, գյուղի պաշտպանների շիրիմները

Ադրբեջանցիներն ավերել են Խնածախի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանները, գյուղի պաշտպանների շիրիմները

Ադրբեջանական կողմը բնակեցրել է օկուպացված Արցախի Հանրապետության Խնածախ գյուղը և տարածել գյուղի ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, արբանյակային լուսանկաները  փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում։ Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները : Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը:

monumentwatch.org-ի արձագանքը.

«Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն  խախտում է  նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։

Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ, 39-րդ, 40-րդ  և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է արձանագրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը»։