|
Փոխարժեքներ
16 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականի վերաբերյալ․
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։
Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։
Եթե գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները ներկայացվում են որպես «արտաքին քաղաքականությանը հակասող» կամ «սադրիչ», ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և, տվյալ դեպքում նաև, հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն պետական, այլև համազգային և միջազգային հեղինակություն ունեցող գիտական կառույց է։ Նրա ղեկավարության նկատմամբ քաղաքական միջամտությունը հարվածում է հաստատության վստահելիությանը, միջազգային հեղինակությանը և Հայաստանի գիտական միջավայրի անկախությանը։ Այս մտահոգությունն արդեն հնչեցվել է նաև քսանից ավելի հեղինակավոր միջազգային ցեղասպանագետների կողմից։
Եթե գիտական հաստատության ղեկավարը կարող է հեռացվել իր մասնագիտական աշխատանքի բովանդակության համար, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ տնօրենի պաշտոնը, այլև Հայաստանի գիտական հաստատությունների մասնագիտական ինքնավարության սկզբունքը։ Հետևաբար, անհրաժեշտ է կամ ներկայացնել լիարժեք, հրապարակային և իրավաչափ հիմնավորում, կամ վերականգնել տնօրենի լիազորությունները՝ թափանցիկ ընթացակարգով»,- ասված է հայտարարությունում։