Միասին կարող ենք
կարևոր
1165 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 17:55
Հասարակություն

Լո՞ւրջ եք համարում դիմել մի մարդու, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության փաստը ժխտող հայտարարություններով․ Հայկ Դեմոյան

Լո՞ւրջ եք համարում դիմել մի մարդու, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության փաստը ժխտող հայտարարություններով․ Հայկ Դեմոյան

Ցեղասպանության թնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ցուցումով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից հեռացնելու փաստը գնալով մեծ արձագանք է ստանում: Ակնհայտ է դառնում, որ բոլորն անխտիր ցանկություն են հայտնում արտահայտվել այդ աղաղակող անարդարության ու ակադեմիական ազատության վրա բռնություն գործադրելու քստմնելի փաստի շուրջ:

Այստեղ մի քանի կարևոր հարցադրումներ կան, որոնք անհրաժեշտ եմ համարում հնչեցնել ու վերլուծել, քանի որ ձնագնդի սկզբունքով տարածվող լուրերի ու մեկնաբանությունների տարափի մեջ կորչում է տրամաբանական կապը դեպքերի ու իրադարձությունների, պատճառահետևանքային կապերի ու ժամանակագրության միջև:

Դրվագ 1

Մինչ օրս Էդիտա Գզոյանը հանդես չի եկել որևէ հայտարարությամբ կամ բացատրությունով, խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին և որևէ բողոք չի հայտնել իր հեղինակության ու արժանապատվության դեմ իրականացված այս վայրագ քաղաքական ոտնձգության կապակցությամբ: Հիմա հարց. միգուցե՞ Էդիտա Գզոյանը բոլորովին էլ չի ցանկանում, որ դուք նրան հերոսացնեք ու անդրադառնաք այս միջադեպին: Եվ ի՞նչ իրավիճակում դուք կհայտնվեք, եթե պարզվի, որ Էդիտա Գզոյանը համաձայնվել է աշխատել որպես ՀՑԹԻ փոխտնօրեն` աջակցելու համար Նիկոլի նշանակած նոր տնօրենին: Արդյունքում կստացվի, որ Էդիտա Գզոյանն ընդամենը համաձայնվել է թանգարանում այլ պաշտոնի անցնել, բողոքներ ու պահանջներ չունի և դուք հայտնվում եք, մեղմ ասած, շատ անհարմար իրավիճակում:

Դրվագ 2

Այսօր կարդացի հայտնի ու անհայտ ցեղասպանագետների նամակը` ի պաշտպանություն Էդիտա Գզոյանի: Կասկած չունեմ, որ Է. Գզոյանին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնի իր որոշումից, նամանավանդ նախընտրական փուլում: Ինձ բոլորովին այլ հարց է հուզում. ցեղասպանագետները, որոնց շարքում են նաև Նիկոլ Փաշինյանի որոշումով ձևավորված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ, դիմում են մի մարդու, ով բացեիբաց և ոչ մեկ անգամ հանդես է եկել Հայոց ցեղասպանության պատմական փաստի շուրջ ժխտողական հայտարարություններով և նույնիսկ խոստովանել է, որ ոճրագործների հետ փոխհամաձայնության է եկել արցախահայության հանդեպ էթիկ զտումներ ու ցեղասպանական գործողություններ իրականացնելու գործում:

Այս դրվագով, ոչ այս ցեղասպանագետները, ոչ ՀՑԹԻ անձնակազմը որևէ կերպ չեն արձագանքել: Հիմա ինչպես կարող ենք չձևակերպել այսպիսի մի հարց. դուք իրո՞ք լուրջ եք համարում դիմել մի մարդու խնդրագրով, որ մեկ այլ անձի վերականգնի իր նախկին պաշտոնին, մի մարդու, ով հանդես է գալիս ցեղասպանության փաստը ժխտող հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանի` ցեղասպանության զոհերի ու վերապրողների հիշատակը նսեմացնող հայտարարությունները նկատելի ու քննադատելի չի դիտվում, ոչ ՀՑԹԻ գիտաշխատողների, ոչ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամների ու կոչով հանդես եկող ցեղասպանագետների կողմից, բայց իր կարգավիճակի կապակցությամբ տակավին որևէ բողոք ու պահանջ չներկայացնող անձին ուզում են պաշտպանել:

Դրվագ 3

Վերջին 8 տարիների ընթացում մոտ հարյուր գրառում ու հարցազրույց եմ տվել մանրամասնորեն նկարագրելով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան տակ 2014-2025 թթ. իրականացված բազում հանցագործությունների ու անօրինականությունների մասին, որոնցում ներքաշված են եղել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաններ: Ոչ ՀՑԹԻ անձնակազմը, ոչ այդ հայտնի ցեղասպանագետները, որոնցից շատերին պատմել եմ բոլոր մանրամասնությունները, ոչ էլ հետաքննող լրագրողներն ու “ընդդիմադիր” քաղաքական գործիչները չցանկացան թեկուզ հանուն արդարության ու հաստատության շահերը պաշտպանելու, բողոքի ձայն բարձրացնել ու պաշտպանել ՀՑԹԻ շահերը, չհետաքրքրվեցին, թե ինչ հանցագործությունների մասին է խոսքը: Թանգարանում այսօր աշխատում են մարդիկ, ովքեր ամենայն մանրամասնությամբ քաջատեղյակ են այդ հանցագործությունների դրվագներին, բայց գերադասում են լռել: Դե իսկ Հարություն Մարությանի և Էդիտա Գզոյանի հետ կապված իմ կարծիքը մնում է անփոփոխ. երկու տնօրեններին այդ պաշտոնում նշանակել են Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված և նրա մերձավորներով համալրված Հոգաբարձուների խորհրդի կողմից` հիմնական նպատակ ունենալով աղաղակող այս հանցագործությունների հետքերի պարտակումը և այդ հողի վրա ՀՑԹԻ-ում իմ ներկայությունը ամեն կերպ բացառելը: Հետևաբար նրանց հետ հենց Նիկոլ Փաշինյանը կվարվի այնպես, ինչպես կկամենա:

ՀԳ. Սկանդալների մասով մի պատմություն բացահայտեմ: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությամբ ՀՑԹԻ տնօրենի աշխատասենյակ 2018 թվականի հուլիսին տեղի ունեցած խուլիգանական ներխուժումից և իմ անձի դեմ քստմնելի արշավ սկսելուց երկու շաբաթ անց թանգարանում հայտնվեցին X երկրից մարդիկ, ովքեր պահանջեցին իրենց տրամադրության տակ դնել թանգարանի ֆոնդերի մայր գրանցամատյանները դրանք լուսանկարելու համար: Այդ ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը խուճապահար ու սարսափած զանգահարեց ինձ… եթե հետաքրքիր է այս պատմության շարունակությունը, ապա Արայիկ Հարությունյանը թող զանգահարի իր արաբագետ կոլեգային` Նարինե Մարգարյանին և սպառիչ տեղեկանալուց հետո այս պատմության շարունակությունը հանրայնացնի:

Միայն նշեմ, որ ՀՑԹԻ ներսում և դրա շուրջ տեղի ունեցած հանցագործությունների մասին հանրության իրազեկելու պատճառով և ինձ կատարածու դատարաններով ու դատավորներով վախեցնելու ու լռեցնելու նպատակով, այս պահին զրպարտության հիմքով դատական հայցեր են ներկայացրել ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարությունը, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հերթի մեջ է Արայիկ Հարությունյանը, սպասում եմ…

Իսկ ես, հարգելի տիկնայք և պարոնայք, աջակցության կարիք չունեմ և չեմ էլ դիմում, որ ինձ օգնեք: Ես անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել. պաշտպանել Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների հիշատակը ցանկացած ժխտողական ոտնձգություններից, պաշտպանել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շահերը, անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակում եմ գտնվում: Դա է պահանջում արժանապատվության, պատվախնդրության ու սկզբունքայնության իմ զգացումները, որտեղ նահանջելու ու հարմարվելու հնարավորություններ չունեմ»: