|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.99 |
| EUR | ⚊ | € 436.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8556 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեպքերը ցույց են տալիս զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհամաչափ և հակասական մոտեցում պետական մարմինների կողմից։
Քննիչների տվյալներով՝ Նարեկ Կարապետյանի՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու նկատմամբ շարունակվում է զինվորական ծառայության պիտանիության հետ կապված նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից 1lurer.am-ին հայտնել են, որ վարույթը շարունակվում է։
Նույնաբովանդակ հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Սակայն ՀՀ ՊՆ-ն «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հրաժարվել է տվյալներ տրամադրել։ «Հայտնում ենք, որ Հայկ Արսենի Կոնջորյանը, ծնված՝ 30.05.1987 թ., օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնջորյանի պարտադիր զինծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։
Իսկ դատախազությունը պատասխանել է, թե «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։

Այս իրավիճակը, ըստ հրապարակման, բացահայտ անհամաչափ մոտեցում է․ Նարեկ Կարապետյանի դեպքում հրապարակվում են անձնական տվյալներ, մանրամասներ պետական օղակներով, հանրային հեռուստաընկերության հարթակներով՝ բնականաբար ընդդիմադիր լինելու փաստով պայմանավորված։ Ավելին՝ հարուցվում է քրեական վարույթ, իսկ Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու հիմքերը թաքցվում են ՊՆ-ի կողմից, քանի որ նա իշխանական պատգամավոր է, ՔՊ խմբակցության ղեկավարը։
Սա, ըստ նույն հրապարակման ձևակերպման, ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի ասած «պոզ ու չոպով կոռուպցիան», երբ քո թիմակցի դեպքում գործում է օրենքը՝ ակնհայտ հովանավորությամբ, իսկ ընդդիմախոսի դեպքում՝ կոպտորեն խախտվում է։

Ամեն դեպքում, հրապարակման համաձայն, իշխանությունը պետք է պատասխանի՝ ինչու չի վերաբացվում Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու գործը ևս՝ պարզաբանելու, թե ինչ հիմքերով է նա ազատվել բանակից։ Հիշեցնենք, որ նա եղել է «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ապա՝ «Ելք» դաշինքի անդամ, հետո դարձել ՔՊ-ական»։