Միասին կարող ենք
կարևոր
997 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-02 10:58
Քաղաքական

«Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ Արթուր Խաչիկյան

«Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեղեկություններ են ստացվել իրանական հարձակման հետևանքով առաջին 3 ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին: Սա կտրուկ կմեծացնի քաղաքական ճնշումը Թրամփի վրա ԱՄՆ-ի ներսում։

Հայտնվել են առաջին նշանները, որ Թրամփը ելք է փնտրում իր իսկ ստեղծած իրավիճակից: Նա հայտարարել է Իրանի դեմ հարձակումը դադարեցնելու պատրաստակամության մասին, եթե Իրանը կատարի ԱՄՆ պահանջները: Կան հաղորդագրություններ, որ Վաշինգտոնը դիմել է իտալական կողմին՝ միջնորդի դեր ստանձնելու համար՝ Իրանի հետ բանակցություններում, բայց Իրանը մերժել է այդ առաջարկները ։ Սա կարող է լինել այն բանի ցուցիչը, որ Թրամփի նպատակը, ինչպես և ենթադրվում էր, Իրանին վախեցնելն ու կապիտուլյացիայի մղելն էր՝ հայտարարելով արագ հաղթանակի մասին ։ Շոումեն Թրամփը ցանկանում է ստանալ ևս մեկ «փոքրիկ հաղթական պատերազմ» և փառքի ևս մեկ պսակ. Վենեսուելան, Գրենլանդիան, Հայաստանի կողմից Զանգեզուրի հանձնումն ու Գազայի ոչնչացումը նրան քիչ էին ։

Ըստ The Wall Street Journal թերթի հաղորդման՝ ԱՄՆ-ն ուզում է ավարտել Իրանի դեմ օպերացիան մինչև հրթիռների պաշարների սպառվելը: Հարցն այն է, թե ում հրթիռներն ավելի շուտ կվերջանան՝ ԱՄՆ-ի՞, թե՞ Իրանի: Պարզ է միայն, որ Իրանի և իրանական վարչակարգի համար սա գոյության պատերազմ է, և նրանց ցավի շեմը, հետևաբար և տոկունությունը, շատ ավելի բարձր են, քան Թրամփինը ։

Ներկա պահին պատերազմին մասնակցում են.

Իսրայել

ԱՄՆ

Իրան

Եմեն

Հայտարարել են ԱՄՆ-ին և Իսրայելին միանալու մասին.

Բրիտանիա

Սաուդյան Արաբիա

Հակամարտության մեջ ներգրավված են.

Հորդանան, Քուվեյթ, Բահրեյն, ԱՄԷ, Քաթար, Օման, Իրաք, Սիրիա, Կիպրոս։

Կարկանդակ ու եգիպտացորեն են ուտում և լուսնոտների պես թափառում փողոցներում.

Հայաստան։

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ ռազմական ուժ կկիրառեն, եթե Իրանը շարունակի հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա: Կրկնում եմ. եթե Իրանը շարունակի հարձակվել ։

Մակրոնը, մասնավորապես, գրել է.

«Ի պատասխան ձեռնարկված իրանական հրթիռային և անօդաչու հարվածները, որոնք բացարձակապես անհամաչափ և անխտիր կերպով են իրականացվել, հարվածել են տարածաշրջանում մեր գործընկերների և դաշնակիցների օբյեկտներին և բազմաթիվ քաղաքացիական թիրախներին»։

Իսրայելական հրթիռի տակ մնացած 7-10 տարեկան 165 իրանցի աղջիկների մահվան մասին մեր քաղաքակիրթ, եվրոպական, մարդասեր, ժողովրդավարական, գեղեցիկ կոստյումներով և դեմքին 15 դիմակ դրած առաջնորդն այդպես էլ չհիշեց, ինչպես ժամանակին չհիշեց Արցախի հայերին ։ Փոխարենն ինչպե՜ս էր գեղեցիկ մեջբերում Ազնավուրին՝ նրանց հայրենակցին, վերջինիս հուղարկավորության ժամանակ, որպեսզի հետո թաղի արցախցիներին: Մեկնաբանություններն ավելորդ են ։

ԱՄՆ-ում սկսվել է հարձակում հենց Թրամփի դեմ: Դեմոկրատ սենատոր Քրիստոֆեր Մերֆին քննադատության տարափ է տեղացել Թրամփի հասցեին՝ մեղադրելով նրան մի պատերազմ սկսելու մեջ, որը ոչ ոք չէր ուզում ։ Մերֆին Թրամփին հայտարարել է «ԱՄՆ պատմության մեջ ամենակոռումպացված նախագահը»: Իրանի վրա հարձակումը կարող է դառնալ Թրամփի դագաղի վերջին մեխը: Նրա կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կպարտվի նոյեմբերյան ընտրություններում, և Թրամփին լրջորեն սպառնում է իմպիչմենտ՝ ամերիկացի ընտրողներին բացահայտ խաբելու և «Էփշտեյնի դասակարգի» հետ կապերի պատճառով ։

Մեկ-երկու օրից նավթի գները կբարձրանան մինչև 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ըստ Ռոյթերս գործակալության կանխատեսման ։ Քուվեյթում, Դուբայում և Աբու Դաբիում երկու օրով փակվել են բորսաները: Փակ է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման 30%-ը և հեղուկ գազի արտահանման 20%-ը: Տնտեսագետները գլոբալ ռեցեսիա են կանխատեսում։

Իսրայելը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին՝ ի հավելումն գոյություն ունեցող 50,000 զինծառայողների։

Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանում տեղի է ունեցել ժամանակավոր խորհրդի առաջին հանդիպումը, որի մեջ մտնում են նախագահ Փեզեշքիանը, այաթոլլահ Ալիրեզա Արաքին և Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին ։ Իրանում հայտարարված է 40-օրյա սուգ: Իրանում և այլ երկրներում տեղի են ունենում բողոքի և սգո ակցիաներ, հատկապես Իրաքի, Պակիստանի շիական համայնքներում և Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգներում։

Թրամփը հայտարարել է, որ Իրանում պատերազմը կարող է տևել մինչև 4 շաբաթ: Հարավսլավական սցենարը քիչ հավանական է. միայն ռմբակոծություններով Իրանին հնարավոր չէ կապիտուլյացիայի ենթարկել: Հիմքեր կան կարծելու, որ Թրամփի արագ հաղթանակը չի լինի, որ Իրանը կարող է դիմանալ, և կարող է կրկնվել Եմենի սցենարը, որտեղ Թրամփը պարտություն կրեց հուսիներից»։